«Արմենիա» առագաստանավը, որը Եգիպտոսից Լիբանան էր ժամանել օգոստոսի 6-ին, պաշտոնապես ավարտելով 2009թ. մայիսի 28-ին  սկսած իր շուրջերկրյա նավագնացությունը, օգոստոսի 10-ին ուղեւորվել է Կիպրոս:

«Արմենիա» առագաստանավի «Մեսրոպ Մաշտոց» արշավախմբին ճանապարհել են Լիբանանում ՀՀ դեսպան դեսպան Աշոտ Քոչարյանը, Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ արք. Խաչերյանը, հայկական կառույցների ղեկավարները, համահայկական խաղերի մասնակիցները, հարյուրավոր լիբանանահայեր:

Լիբանանում ՀՀ դեսպանն ու հայոց թեմի առաջնորդն իրենց խոսքում նշել են, որ առագաստանավը կատարել է իր պատմական առաքելությունը` տարբեր մայրցամաքներում գտնվող մեր հայրենակիցներին փոխանցելով հայ ժողովրդի  հարուստ պատմության խորհրդանիշները: Ելույթ ունեցողները առագաստանավի անձնակազմին մաղթել են անսպառ եռանդ, հաջողություններ եւ նորանոր հաղթանակներ: