Հայաստանի 28-ամյա քաղաքացի Խորեն Գասպարյանը, ով որպես մեղադրյալ անցնում է «Medicare»-ի միջոցով խարդախությունների գործով, երեքշաբթի վերադարձել է Նյու Մեքսիկո եւ կանգնել դաշնային դատարանի առջեւ` իրեն պաշտոնապես անմեղ ճանաչելու համար: Այդ մասին գրում է ամերիկյան «Albuquerque Journal»-ը:

Ինչպես հայտնել են ԱՄՆ դաշնային դատախազության գրասենյակից, նա հանձնվել է Մոսկվայում եւ վերադարձել է ԱՄՆ` այդպիսով խուսափելով էքստրադիցիայից:

Գասպարյանը մեղադրվում է երկու առանձին մեղադրական ակտերով, որոնցից մեկով անցնում է մոտ 70 մարդ, որոնց դեմ իրականացվել է համակարգված համազգային օպերացիա` ուղղված  «Լոս Անջելեսում եւ Նյու Յորքում հայ-ամերիկյան հանցավոր խմբավորման ոչնչացմանը»: 

Ենթադրվում է, որ խմբավորումը «Medicare»-ին ընդհանուր  163 մլն դոլարի չափով ապահովագրական վճարումների պահանջ է ներկայացրել: Սա խարդախության խոշոր սխեմա է, որը պետք է իրականացվեր 25 նահանգում 118 կեղծ կլինիկաների միջոցով: Այդ մասին հայտարարել էին դաշնային պաշտոնյաները հոկտեմբերին:

Գասպարյանը փաստաբանի միջոցով հրաժարվել է  կալանքի տակ գտնվելու հարցի լսումներից  եւ գտնվում է դաշնային հաստատությունում` սպասելով դատաքննությանը:

Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ  Գասպարյանը  փոստային արկղ է ստացել Ծանրոցների առաքման միասնական ծառայության խանութում (UPS) եւ հաշիվ է բացել «Bank of America»- ում`«Healthy Steps» անունով, հանդես գալով որպես դրա գործադիր տնօրեն:  Նա «Medicare»-ի մատակարար «Trailblazers Health Enterprises»-ից ազգային իդենտիֆիակտոր է ստացել եւ 2009թ. մայիսին արիզոնացի բժշկի միջոցով, որը որինչ չի իմացել այդ մասին, հայտարարություն է տվել «Medicare»-ում գրանցվելու համար:

2009 թ. սեպտեմբերից «Healthy Steps»-ը «Trailblazers»-ին ներկայացրել է ընդհանուր 847 597 դոլարի վճարման պահանջ, որի արդյունքում 270 000  դոլար փոխանցվել է «Bank of America»-ի հաշվին:

Գասպարյանը մեղադրվում է առաողջապահության ոլորտում խարդախության, ինչպես նաեւ ծանրացուցիչ հանգամանքներում  անձնական տվյալներ գողանալու մեջ:

ԱՄՆ դաշնային դատախազ Քեննեթ Գոնսալեսը հաղորդել է նաեւ առողջապահության ոլորտում խարդախության  մեկ այլ մեղադրական եզրակացության մասին, որով անցնում է  Հայաստանի քաղաքացի Ռիտա Պետրոսյանը եւ եւս հինգ մարդ` ղազախստանցի, ուկրաինացի եւ երեք ռուսաստանցիներ: Նրանք գտնվում են փախուստի մեջ:

Նման մեղադրանքը նախատեսում է  մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ 1 մլն դոլարի տուգանք: