Հունիսի 17-ին Երեւանում կմեկնարկի «SILICON MOUNTAINS – 2022» միջազգային տեխնոլոգիական գագաթաժողովը՝ նվիրված թվային տրանսֆորմացիային։

Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, միջոցառման նպատակն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես մի երկիր, որտեղ կարող են նախագծվել եւ արտահանվել բարդ տեխնոլոգիաներ։ Մուսայելյանը հիշեցրեց, որ աշխարհի բոլոր զարգացած երկրները գնացել եւ գնում են հենց այդ ճանապարհով։

Էդուարդ Մուսայելյանը տեղեկացրեց, որ գագաթաժողովի շրջանակում հայաստանցի պաշտոնյաները, ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները, արտերկրից հրավիրված փորձագետները կքննարկեն թվային տրանսֆորմացիայի հնարավորությունները, թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում, կներկայացնեն իրենց գաղափարները։

«Գագաթաժողովի թեմաներն են լինելու թվային տրանսֆորմացիան, ֆինտեկը եւ կիբեռանվտանգությունը։ Պանելային քննարկումներին կմասնակցեն ավելի քան 15 բանախոսներ, ընդհանուր առմամբ գագաթաժողովում կներկայացվեն ավելի քան 50 ընկերություններ։ Այժմ մտածում ենք հնարավորություններն ընդլայնելու եւ ավելի շատ մարդկանց, հատկապես երիտասարդների մասնակցությունն ավելացնելու մասին։ Գագաթաժողովի շրջանակում կարող են կնքվել նոր պայմանագրեր»,- հավելեց նա։

Նշենք, որ գագաթաժողովի տեղեկատվական գործընկերը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունն է: