Firefox բրաուզերի առաջին պաշտոնական հայերեն տարբերակը Firefox 4-ն է, որը թողարկվել է 2011թ-ի մարտի 22-ին։ Բրաուզերի հայերեն տարբերակի օգտագործողների քանակը պաշտոնական թողարկումից մինչ այսօր, այսինքն՝ նախորդ 6 ամիսների ընթացքում՝ աճել է՝ 0-ից հասնելով 511-ի։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Mozilla Foundation-ի աշխատակից Ռոբերտ Սարգսյանը, ով հանդիսանում է նաեւ «Մոզիլա Հայաստան» թիմի ղեկավարներից մեկը:
Ռ. Սարգսյանի խոսքով՝ բրաուզերի հայերեն տարբերակն օգտագործողների շրջանում կան նաեւ ոչ հայաստանյան ինտերնետ օգտագործողներ, որոնց մեծ մասը հավանաբար ժամանակավորապես արտերկում գտնվող մեր հայրենակիցներն են: Այսպես օրինակ ՝ նախորդ շաբաթ Firefox-ը հայերեն ներբեռնել են ԱՄՆ 12. Ռուսաստանի 7, Թայվանի 4, Վրաստանի 3, Հնդկաստանի 3 օգտագործողներ:
Նշենք, որ Firefox բրաուզերը համակարգված հայերեն թարգմանվում է 2008թ.-ից։ Մինչ պաշտոնական տարբերակը Firefox-ի հայացումը կատարվում էր հավելման (add-on) տեղադրման միջոցով, որը պրակտիկ չէր եւ բավականին բարդ էր սովորական օգտագործողի համար:
Տեղեկացնենք, որ ներկայումս հայերենով առկա են բրաուզերի Firefox 4 – ( հնացած տարբերակ), Firefox 5 – վերջնական, Firefox 6 – փորձնական (Beta), Firefox 7 – փորձնական (Aurora) տարբերակները, որոնք կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂ։



























