Պաշտոնական այցով Սոֆիայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Թեոդորա Գենչովսկայայի հետ։ Հանդիպումը սկսվել է առանձնազրույցով, ապա շարունակվել ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ։
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը եւ Թեոդորա Գենչովսկան բարձր են գնահատել դարավոր բարեկամության վրա հիմնված հայ-բուլղարական միջպետական հարաբերությունների առկա մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով առավել ակտիվացնելու երկու երկրների միջեւ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցությունը։ Ընդգծվել է բարձրաստիճան մակարդակներում պաշտոնական փոխայցելությունների, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդակցությունների իրականացման կարեւորությունը։
Կողմերն անդրադարձել են առեւտրաշրջանառության եւ ներդրումների ծավալների ավելացման հնարավորություններին եւ կարեւորել այս ոլորտներում առկա զգալի ներուժի իրացումը։ Այս համատեքստում շեշտվել է հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի գործունեության, գործարար շրջանակների միջեւ շփումների ակտիվացման նշանակությունը:
Երկուստեք կարեւորվել է նաեւ Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա զարգացման շուրջ։
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Բուլղարիայի միջեւ կրթության եւ մշակույթի ոլորտներում կապերին: Այս առումով նախարար Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Բուլղարիայի իշխանություններին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի, եւ երկկողմ միջկառավարական ծրագրի շրջանակներում Բուլղարիայի համալսարաններում Հայաստանի քաղաքացիների ուսումնառությունը կազմակերպելու համար:
Կողմերը քննարկել են տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության մի շարք հարցեր։ Նախարար Միրզոյանն իր բուլղարացի գործընկերոջն է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը եւ հայկական կողմի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում։ Այս առումով Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Բուլղարիայի դիրքորոշումը:
Նախարար Միրզոյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց ու ռազմատենչ հռետորաբանության, Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրիչ գործողությունների առնչությամբ։ Նա իր գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաեւ այն փաստին, որ միջազգային հումանիտար իրավունքի նորմերի կոպիտ խախտմամբ՝ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց։
Առանձնահատուկ կարեւորվել է 44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի կողմից համամարդկային մշակութային ժառանգության մաս կազմող հայկական կոթողների ինքնության խեղաթյուրման եւ ոչնչացման հետեւողական քաղաքականության կանխումը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է միջազգային հանրության հստակ եւ հասցեական արձագանքի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում համապատասխան միջազգային կառույցների ներգրավվածության, հատկապես՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անարգել իրականացման հրատապությունը։
Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները։
ՀՀ ԱԳ նախարարի այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի եւ Բուլղարիայի Հանրապետության մշակույթի նախարարությունների միջեւ մշակույթի բնագավառում 2022-2025թթ․ համագործակցության մասին ծրագրի ստորագրման արարողությունը։ Հայկական կողմից ծրագիրը ստորագրել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, բուլղարական կողմից՝ Բուլղարիայի մշակույթի նախարար Աթանաս Աթանասովը։





























