Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին տեղեկացրել է կազմակերպության անդամ-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման նախապատրաստման ընթացքի մասին: Հանդիպումը կայանալու է Աստանայում, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:
Հիմնական խնդիրը, որ լուծման կարիք ունի, ըստ գլխավոր քարտուղարի, Աֆղանստանն է:
«Դա ոչ միայն թմրանյութերի ապօրինի շրջանառությունն է, գրոհայինների պատրաստման ճամբարները եւ ծայրահեղական խմբավորումների գործունեության ակտիվացումը, այլ նաեւ տարբեր կազմակերպված հանցավոր խմբերի գործունեությունը»,- ասել է Բորդյուժան:
Բացի Աֆղանստանից, պետքարտուղարը նաեւ կոչ է արել ուշադրություն դարձնել տեխնածին եւ բնական արտակարգ իրավիճակների խնդիրներին:
ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական միություն է, որ միավորում է յոթ երկրների` Ղազախստանին, Ղրղըզստանին, Հայաստանին, Տաջիկստանին, Բելառուսին, Ուզբեկստանին եւ Ռուսաստանին:
Գագաթաժողովը կայանալու է օգոստոսի 12-13-ին Ղազախստանում:




























