Կառավարությունն իր այսօրվա` օգոստոսի 11-ի նիստում  հաստատել է «ՀՀ տարածքի սեյսմիկ վտանգի 1:500000 մասշտաբի հավանականային գնահատմամբ նոր քարտեզի կազմում» ծրագիրը։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քարտեզը կազմվելու է միջազգային սեյսմոլոգիական պրակտիկայում ընդունված՝ սեյսմիկ վտանգի գնահատման հավանականային մոտեցմամբ եւ այնպիսի համակարգչային ծրագրով, որը թույլ կտա օգտագործել այլընտրանքային սեյսմատեկտոնական մոդելներ։

Բացի այդ, գործադիրը հաստատել է ծննդի, պերինատալ մահվան եւ մահվան բժշկական վկայականների տրամադրման եւ հաշվառման կարգը, այդ վկայականների գրանցամատյանների ձեւերը։ Մինչեւ օրս նման կարգ հաստատված չէր, իսկ բժշկական հաստատությունները վկայականները տրամադրում էին սեփական հայեցողությամբ։

Կառավարությունն իր նախկին որոշումներից երկուսում կատարել է փոփոխություններ, որոնցով յուրաքանչյուր աշխատողի համար աշխատանքի արդարացի պայմանների իրավունքի ապահովման նպատակով հնգօրյա կամ վեցօրյա աշխատանքային ռեժիմով աշխատողների համար սահմանվել են արձակուրդի արդարացի տեւողություններ։