Հայաստանում ստեղծվել են նախադրյալներ տեխնոլոգիական բումի համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Երեւանում «Գիտության եւ բիզնեսի օրեր – 2022» համաժողովում ասել է «Krisp» ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Դավիթ Բաղդասարյանը։

Նա պարզաբանել է, որ այսպիսի կանխատեսում անում են նաեւ օտարերկրացիները։ Նրա խոսքով՝ 10 տարվա ընթացքում Հայաստանը կարող է մեծ թռիչք կատարել։ «Ամեն ինչ կախված է մեզանից։ «Krisp» ընկերությունը հասել է հաջողության, քանի որ ստեղծում է պահանջված, գիտատար արտադրանք։ Պետք է հասկանալ առանձին ընկերությունների հաջողության դեղատոմսը եւ հաշվի առնել նրանց պետական քաղաքականությունը կառուցելիս։ Մարդիկ արտասահմանում տեսնում են հնարավորություններ եւ գալիս են Հայաստան, իսկ նրանք, որոն այժմ այստեղ չեն, արդեն հնարավորություններ են կորցնում»,- հավաստիացրել է Բաղդասարյանը։

Նա վստահություն է հայտնել, որ այսօր Հայաստանի համար ստեղծվել է պատմական հնարավորություն։ «Երկար ժամանակ հնարավորություն չի եղել ստեղծելու այնպիսի արտադրանք, որը որակով մրցունակ լիներ համաշխարհային շուկայում։ Բայց հիմա ամեն բան փոխվում է կադրերի հոսքի շնորհիվ»,- ավելացրել է «Krisp» ընկերության ղեկավարը։

Նա նշել է, որ տաղանդավոր մարդկանց հոսքը Հայաստան, սակայն, բավարար չէ բումի ապահովման համար. պետք է էապես ավելացնել գիտության մեջ կատարվող ներդրումները։

Բաղդասարյանը նշել է նաեւ վենչուրային ֆոնդերի ստեղծման անհրաժեշտությունը, որոնք կօգնեն բարելավել էկոհամակարգը։ «Կարեւոր է աշխատել պահանջված գիտնականների թվի ավելացման ուղղությամբ։ Հայաստանը ԽՍՀՄ փլուզումից հետո շատ լուրջ գիտական պոտենցիալ ուներ, բայց 30 տարվա ընթացքում պետությունը գիտությանը խնդիրներ չի առաջադրել, ինչը բացասական ազդեցություն է ունեցել։ Անհրաժեշտ է սահմանել գերակայությունները եւ ապահովել նախագծերի ֆինանսավորումը»,- ընդգծել է նա։

Տեխնոլոգիական ընկերության ղեկավարը տեղեկացրել է 10 մլն դոլարի չափով հիմնադրամի գործառնության մասին՝ սթարտափերի զարգացման նպատակով։ «8 ամսում կատարվել են ներդրումներ 8 ընկերություններում, որոնցից 7-ը ստեղծվել է Հայաստանում։ Ընդհանուր առմամբ նախատեսում ենք կատարել ներդրումներ 25 ընկերություններում»,- ամփոփել է նա։