Աբխազները պետք է օրինակ վերցնեն ղարաբաղցիներից: Այդ մասին «Նուժնայա» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Աբխազիայի նախկին փոխնախագահ, նախագահի թեկնածու Ռաուլ Խաջիմբան` հավելելով, որ բազմաթիվ բնագավառներում Լեռնային Ղարաբաղի բնակիչները փայլուն օրինակ են ծառայում:
«Ես եղել են Ղարաբաղում մի քանի տարի առաջ: Տեսածս ինձ հաճելիորեն զարմացրեց: Աբխազիան կարող է օրինակ վերցնել ղարաբաղցիների փորձից կյանքի բոլոր բնագավառներում, բայց ինձ թվում է, որ ամենակարեւորը, որին նրանք հասել են, դա զինված ուժերի ստեղծումն է»,-շեշտել է Խաջիմբան` հավելելով, որ ղարաբաղի բնակիչները մեծ ցանկություն ունեն կառուցելու իրեց անկախ պետությունը:
«Կարճ ժամանակամիջոցում նրանք կարողացել են ազատվել պատերազմի հետեւանքներից: Արցախի մայրաքաղաքը` Ստեփանակերտը, որը ռազմական գործողությունների արդյունքում ամբողջությամբ կործանվել էր, այժմ լիովին վերականգնված է: Մյուս բանը, որ ինձ շատ դուր եկավ, դա վետերանների հանդեպ վերաբերմունքն էր: Նրանք անվիճելի հարգանք են վայելում: Արժե, որ մենք օրինակ վերցնենք ղարաբաղցիներից»,-նշել է նա:
Աբխազիայում հայերի դրության մասին խոսելիս Խաջիմբան հայտարարել է, որ նախագահական ընտրությունների նախօրյակին որոշ քաղաքական ուժեր փորձում են խաղարկել հայկական խաղաքարտը: «Նախորդ ընտրությունները ցույց տվեցին, թե ինչպես իշխանությունը կարող է ազգային համայնքներին օգտագործել քաղաքական խաղերում: Այսօր հայկական գյուղեր են ժամանում որոշ թեկնածուների առաքյալներ ու բացեիբաց վախեցնում մարդկանց: Այդպես նրանք հույս ունեն օգոստոսի 26-ին իրենց համար շահավետ արդյունքներ ստանալ: Բայց այդ ճանապարհը ոչնչի չի հանգեցնի: Հայկական համայնքի ղեկավարները պետք է հասկանան, որ կոչ անելով քվեարկել թեկնածուներից մեկի օգտին, նրանք բնակչության տարբեր խմբերին իրար դեմ են տրամադրում»,-ասել է Աբխազիայի նախագահի թեկնածուն` հիշեցնելով, որ թեեւ Աբխազիայի հայերն անցած ընտրություններում աջակցել են գործող իշխանություններին, սակայն ղեկավար մարմիններում հայերի թիվը չի ավելացել: «Մարդկանց փաստացի խաբել են: Չարժե կրկնել նույն սխալը»,-եզրափակել է նա:



























