Ավստրալիայի էներգետիկայի նախարարը կոչ է արել Սիդնեյի բնակիչներին երեկոյան լույս չվառել՝ կանխելու համար էլեկտրաէներգիայի անջատումները, տեղեկացրել է Reuters-ը։

Երկրի էներգետիկ շուկայի օպերատորը չորեքշաբթի կանգնեցրել է էլեկտրաէներգիայի սվոփ շուկան՝ էներգամատակարարման անվտանգության ապահովման աննախադեպ քայլ ձեռնարկելով, ինչը վերջին վճռական քայլն էր էներգետիկ ճգնաժամի հաղթահարման համար, որն սկսվել է մայիսին։

Ջանքերը կենտրոնացվել են ածխի գեներատորների արտադրության վերականգնման վրա, ասել է կլիմայի փոփոխության եւ էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը՝ Նոր Հարավային Ուելսի տնային տնտեսություններին հորդորելով առավելագույն չափով խնայել էլեկտրաէներգիան՝ չզոհաբերելով այնպիսի կարեւոր բաներ, ինչպիսին ջեռուցումն է։

«Մենք համոզված ենք, որ կկարողանանք խուսափել էլեկտրաէներգիայի անջատումներից»,- ասել է Բոուենը Կանբերայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

Բոուենն ասել է, որ էլեկտրաէներգիայի պակասի հետ կապված հիմնական խնդիրը չպլանավորված անջատումներն են ածխով աշխատող հին էլեկտրակայաններում։ «Բոլորն աշխատում են, որպեսզի շտկեն այդ իրավիճակը»,- ասել է նա։

Ավստրալիայում էլեկտրաէներգիայի ամենախոշոր արտադրողը՝ AGL Energy-ն, հայտարարել է, որ շարքից դուրս եկած երեք բլոկներից մեկը ածխով աշխատող Bayswater էլեկտրակայանում (Նոր Հարավային Ուելս) հինգշաբթի նորից կսկսի աշխատել, մյուս բլոկը աշխատանքը կվերսկսի շաբաթ օրը։ «Մենք շարունակում ենք համագործակցել Ավստրալիայի էներգետիկ շուկայի օպերատորի հետ, որպեսզի ապահովենք անխափան մատակարարումները»,- ասել է AGL-ի ներկայացուցիչը։