Եվրահանձնաժողովը կարծում է, որ Վրաստանին կարող է ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակ տրվել, սակայն՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:

«Երկիրը պետք է քաղաքականապես համախմբվի եւ բարեփոխումներ իրականացնի քաղաքացիական հասարակության ոլորտում։ Ելնելով դրանից՝ մենք Վրաստանին եվրոպական հեռանկարի վերաբերյալ հանձնարարական ենք տալիս եւ տեսնենք, թե ինչպես կիրագործվեն այդ հանձնարարականները, որպեսզի կրկին քննարկենք Վրաստանին կարգավիճակ տրամադրելու հարցը»,- ասել է նա։

Ուկրաինան եւ Մոլդովան Եվրահանձնաժողովն առաջարկում է ԵՄ անդամության թեկնածուներ ճանաչել՝ միաժամանակ նշելով, որ ապագայում նրանք պետք է մի շարք կարեւոր բարեփոխումներ  իրականացնեն։

ԵՄ առաջնորդները Վրաստանին, Ուկրաինային եւ Մոլդովային թեկնածուի կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնեն հունիսի 23-24-ը Բրյուսելում կայանալիք գագաթաժողովին: Կարգավիճակ տրամադրելու որոշմանը պետք է կողմ հանդես գան բոլոր 27 անդամ երկրները։