Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է նրան, որ հուլիսի 1-ից Արցախում Վիվա-ՄՏՍ-ի ծառայությունները հասանելի կլինեն միայն ռոումինգի շրջանակներում։

Նա, Facebook-ի իր էջում, մասնավորապես, նշել է. «Տարիներ շարունակ մենք տարբեր խնդիրների էինք հանդիպում ՂՏ-ի մատուցած ծառայությունների հետ կապված: Մենաշնորհի արդյունքում անորակ ու թանկարժեք կապը այլընտրանք չէր տալիս բնակչությանը: Բարձրացվող հարցերին միշտ ստանդարտ պատասխաններ էին տալիս. այլ օպերատոր ներդրում չի ուզում անել, Արցախում դա շահութաբեր չէ և այլն:

2020 թվականի պատերազմից հետո VivaCell MTS-ի կապը Արցախում սկսեց լիարժեք (առանց ռոումինգի) գործել: Արցախցին առաջին անգամ սկսեց զգալ, որ պարտադիր չէ եկամուտի զգալի մասը վճարել որակյալ կապ ու համացանց ունենալու համար: Առաջին անգամ արցախցին և Արցախի հյուրերը զգացին, որ Արցախը արտասահման չէ, և առանց ռոումինգի էլ է հնարավոր օգտվել կապի ծառայություններից: Առաջին անգամ արցախցին հնարավորություն ունեցավ օգտվելու 4G շարժական համացանցից: Մրցակցային պայմաններում ՂՏ-ն սկսեց հայտարարել, որ ներդրումներ է կատարում ծառայությունների որակի բարձրացման նպատակով: Հատուկ ընդգծում եմ՝ մրցակցության պայմաններում:

Այսօր հայտարարություն է տարածվում, որ VivaCell MTS-ի ծառայությունները հուլիսի 1-ից Արցախում պետք է գործեն ռոումինգի պայմաններում, ասել է թե վերադարձ դեպի մոնոպոլիա: Չեմ կարծում, որ VivaCell MTS-ը մուտք է գործել Արցախ ընդամենը 2 տարի գործելու նպատակով և հիմա էլ հեռանում է:

Ինչու՞ զրկել մեր քաղաքացիներին ընտրելու հնարավորությունից:

Ոչինչ մեզ դաս չի լինում: