Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ հունիսի 17-ին, այցելել է 2-րդ բանակային զորամիավորում։ Այս մասին NEWS.am-ին հայտնում է Պաշտպանության նախարարությունը;
«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եղել է զորավարժարանում, որտեղ բացազատված ուսումնական կետերում զորամիավորման հրամանատարական կազմը ներկայացրել է առկա ժամանակակից տեխնիկական միջոցները, հայրենական արտադրության սարքերն ու դաշտային պայմաններում անձնակազմի կեցությունն ապահովելու նոր լուծումները:
Այնուհետև Սուրեն Պապիկյանը հետևել է մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժությանը, որի ընթացքում խաղարկվել են հակահարձակողական մի շարք գործողություններ։
Զորավարժության ավարտին պաշտպանության նախարարը շնորհավորել է անձնակազմին և լավագույն արդյունքներ ցուցաբերած մի շարք զինծառայողների հանձնել խրախուսական պարգևներ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է նաև հանրապետության հյուսիսարևելյան սագմանագոտի, եղել մարտական հենակետերում, հետևել ինժեներական աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական վիճակով, կենցաղային պայմաններով, մատուցվող սննդի որակով, և զրուցել դիրքապահ զինծառայողների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ։





























