Ֆրանսիան եւ Թուրքիան Ուկրաինայից հացահատիկ արտահանելու «մրցակցող» ծրագրեր են առաջարկել, գրում է The Guardian-ը։

Ըստ թերթի՝ Թուրքիան առաջ է քաշում ուկրաինական երեք նավահանգիստներից անվտանգ երթուղիների տարբերակը, թեեւ նավահանգիստները չեն մաքրվել ականներից։ Դրա համար կպահանջվի ավելի քան 400 ականի մաքրում, սակայն Ուկրաինան զգուշանում է իր նավահանգիստներ ժամանող ռուսական նավերի համար անցուղին մաքրելու հարցում:

Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ ականների գտնվելու վայրը հայտնի է, ուստի երեք նավահանգիստներում «անվտանգության որոշակի գծեր» կհաստատվեն։

Սակայն ուկրաինական բանակցային խմբի անդամ Դավիթ Արախամիան կասկածի տակ է դրել այդ ծրագիրը։

«Մեր զինվորականները դեմ են դրան, ուստի մենք շատ սահմանափակ լավատեսություն ունենք այս մոդելի վերաբերյալ»,- ասել է նա:

Իր հերթին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ է արել կրկնապատկել ցամաքային եւ երկաթուղային երթուղիները դեպի Ռումինիայի «Կոնստանտա» խոշոր նավահանգիստ, որը Օդեսայից ավելի քան 450 կմ հարավ է գտնվում:

«Օդեսան Ռումինիայից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է, եւ Ռումինիայի միջոցով [մենք] կկարողանանք հասնել Դանուբին ու երկաթուղուն: Մենք մի տեսակ կապող կետի ստեղծման գործընթացում ենք, որտեղից կարող ենք այս հացահատիկը արտահանել շատ ավելի ակտիվ, ավելի արագ եւ ավելի մեծ մասշտաբով, քան անում ենք այսօր»,- ասել է Մակրոնը։