Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ստուգել է Քարվաճառի եւ Քաշաթախի շրջաններում կառուցվող ռազմական օբյեկտները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը եւ նախարարության ղեկավարությունը ծանոթացել են Քալբաջարում (Քարվաճառ-խմբ.) եւ Լաչինում (Քաշաթախ-խմբ.) կառուցվող ռազմական օբյեկտներում իրականացվող աշխատանքներին»,- ասվում է ռազմական գերատեսչության կողմից տարածված հաղորդագրությունում։

Նշվում է, որ վերոնշյալ շրջաններում, ռազմական ոստիկանության բարձր մակարդակի պաշտոնական գործունեությունը կազմակերպելու նպատակով, նախատեսվում է կառուցել զորանոցներ եւ գրասենյակային տարածքներ, բաղնիք եւ լվացքատուն, բուժկետ, ինչպես նաև այլ ենթակառուցվածքային օբյեկտներ ու զինել դրանք ժամանակակից սարքավորումներով։ Հաղորդվում է, որ Հասանովը ստուգել է լոգիստիկ պահեստները, որոնց շինարարությունը շարունակվում է: