Սոցիալիստական ուղղվածության կուսակցությունը ղարաբաղյան հակամարտությունը լուծելու մեծ հնարավորություններ ունի: Այդ մասին այսօր`օգոստոսի 12-ին, կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի Միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցության ղեկավար, Հայաստանի հայրենական ապրանքարտադրողների միության առաջնորդ Վազգեն Սաֆարյանը` դա բացատրելով նրանով, որ աշխարհում մեծաքանակ ձախ ուժեր կան, որոնք մեծ ազդեցություն ունեն:
«Հայաստանի միացյալ առաջադիմական կոմունիստական կուսակցությունը կարծում է, որ ինքնորոշման իրավունքի սկզբունքը տարածքային ամբողջականության սկզբունիքից ավելի կարեւոր է: Ավելի քան 90 երկիր քարտեզի վրա հայտնվել է այդ իրավունքի շնորհիվ»,-հայտարարել է Սաֆարյանը` շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը իր ղեկավարած կուսակցության կողմից գնահատվում է որպես արտաքին քաղաքականության առավել կարեւոր խնդիր:
Նրա խոսքով, այսօր Ադրբեջանը փորձում է նավթի հաշվին Ռուսաստանից դիվիդենտներ ստանալ: «Մենք առաջարկում ենք դրան հակադրել Հայաստան-Ռուսաստան-Իրան ուժեղ միությունը: Միության համար հիմք պետք է ծառայեն փոխադարձ տնտեսական հետաքրքրությունները: Օրինակ, Իրանից Հայաստան գազամուղի կառուցումը: Իրանը պետք է դառնա Հայաստանի լիիրավ գործընկեր»,-գտնում է Վազգեն Սաֆարյանը:



























