Որո՞նք են տարածաշրջանում VISA-ի բիզնեսի զարգացման ռազմավարության հիմնական առաջնահերթությունները: Ի՞նչ աջակցություն է տրամադրում  VISA-ն Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։ Որո՞նք են Հայաստանի բիզնես միջավայրում աշխատելու առավելություններն ու դժվարությունները։

Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ NEWS.am-ի տաղավարում տնտեսագետ Արման Տոնիկյանը զրուցել է VISA-ի Կովկասի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեի հետ, որը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Silicon Mountains Tech Summit 2022-ին:

Դուք VISA-ին միացել եք 2018 թվականից։ Այժմ Դուք տարածաշրջանային մենեջերն եք Կովկասում։ Կարո՞ղ եք նշել այս տարածաշրջանում VISA-ի բիզնեսի զարգացման ռազմավարության հիմնական առաջնահերթությունները:

VISA-ն թվային վճարումների աշխարհում առաջատարն է, և մեր առաքելությունը շատ պարզ է՝ լինել ամենահուսալի, ամենանորարար և ամենաապահով վճարային ցանցը, որը կապում է բիզնեսներին, տնտեսությանը և անհատներին՝ օգնելով նրանց նոր ձեռքբերումներ ունենալ: Սա այն է, ինչ մենք անում ենք ավելի քան 200 երկրներում՝ կիրառելով մեր տեխնոլոգիաները՝ որպես նորամուծություն։ Հիմնականում դրանք օգտագործվում են անկանխիկ տնտեսության զարգացման և թվայնացման համար, և այդ օրակարգն ապահովելու նպատակով մենք աշխատում ենք կառավարության ու ֆինանսական հաստատությունների հետ։ Մենք օգտագործում ենք մեր հնարավորությունները ապահովելու վճարումների ընդունման այնպիսի ցանց, որտեղ մարդիկ կարող են հարմար և ապահով վճարումներ կատարել տարբեր եղանակներով, լինի դա դեբետային քարտ, վարկային քարտ, թե թվային քարտ, կամ շարժական սարքերով և այլ տեխնոլոգիաների գործարկմամբ: Մենք անում ենք հնարավոր ամեն բան մեր փորձը կիսելու եւ դեպի թվային տնտեսություն, թվային հասարակություն տանող կարեւոր ճանապարհը ապահովելու համար:

Ինչպես գիտենք, VISA-ն լայնորեն աջակցում է վրացական բիզնեսին։ Ի՞նչ աջակցություն է տրամադրում  VISA-ն Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկություններին։

VISA-ն մեծ աջակցություն է ցուցաբերում ՓՄՁ-ներին, և դա մեր հիմնական ռազմավարական ուղղություններից է, քանի որ ՓՄՁ–ները յուրաքանչյուր տնտեսության հիմքն են. նրանք են ստեղծում աշխատատեղեր և նպաստում տնտեսության զարգացմանը։ Տարածաշրջանում մենք տարբեր նախաձեռնություններ և համագործակցություններ ունենք ավելի քան 100 ֆինտեխների հետ: VISA–ն բաց է ցանկացած համագործակցության համար։

Մենք ունենք շատ հետաքրքիր նախաձեռնություն, որը ֆինտեխ ստարտափների մրցույթ է և կոչվում է «Visa Everywhere Initiative (VEI)»։ Ես հպարտորեն կարող եմ նշել, որ անցյալ տարի Կենտրոնական Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի (CEMEA) տարածաշրջանում այս մրցույթում հաղթել է վրացական «Payze» ստարտափը։ Հայաստանում կան բազմաթիվ ընկերություններ, որոնք բիզնեսը զարգացնում են և աշխատում նաեւ երկրի սահմաններից դուրս: Մենք շատ ուրախ կլինենք տեսնել նրանց մեր նախաձեռնություններում։

Մեկ այլ՝ «Visa Fast Track» ծրագրով, մենք մոտիվացնում ենք  ֆինտեխներին՝ ապահովելով  հնարավորություններ օգտագործելու մեր փորձը, տեխնոլոգիաները և ծանոթացնելու այն գործիքներին, որոնք անհրաժեշտ են բիզնեսը զարգացնելու համար:

Վերջին տարիներին  ֆինանսական  տեխնոլոգիաները զարգանում են արագ տեմպերով, ինչի արդյունքում փոխակերպվում են դասական վճարահաշվարկային գործառնությունները։ Կարո՞ղ եք ներկայացնել այն նորարարական լուծումները, որոնք  VISA-ն իրականացրել է տարածաշրջանում, մասնավորապես՝ Հայաստանում։

Այս տարի մենք նշում ենք Հայաստանում մեր ներկայության 20-ամյակը։ Հետ նայելով այն ամենին, ինչին հասել ենք՝ կարող եմ ասել, որ միայն հպարտություն եմ զգում․դեռ 2014 թվականին իրականացվել են առաջին անհպում գործարքները, իսկ այս տարվա սկզբին ներդրվել է Ecopay տեխնոլոգիան: Այս ամբողջ ընթացքը շատ տպավորիչ է եղել, և որպես համաշխարհային վճարումների առաջատար՝ VISA–ն մշտապես նոր տեխնոլոգիաներ է բերել Հայաստան: Վերջին նորամուծություններից մեկն էլ ApplePay-ն է, որը հնարավորություն է տալիս վճարել՝ Apple սարքը POS տերմինալին մոտեցնելու միջոցով: Մենք  վստահ ենք, որ ապագայում կշարունակենք կարևոր տեխնոլոգիական ներդրումները Հայաստանում՝ կիսելով մեր փորձն այս էկոհամակարգում ներգրավված բոլոր կողմերի հետ, որպեսզի նպաստենք տնտեսության հաջողությանը:

COVID-19-ը փոխեց բիզնեսի կառավարման գործընթացները և մարդկանց սոցիալ-տնտեսական վարքագիծը։ Որո՞նք էին հիմնական մարտահրավերները VISA-ի համար COVID-19-ի ակտիվ և հետհամաճարակային շրջաններում:

Կարծում եմ, որ մարտահրավերը բոլոր իրավիճակներում անորոշությունն էր. մենք պարզապես չգիտեինք, թե ինչ պետք է սպասել: Իրավիճակային ազդեցության նկատմամբ ամենազգայունը ՓՄՁ-ների գործունեությունն էր, և մենք ամեն ինչ արել ենք համաճարակի պայմաններում ամենախոցելի ոլորտներին աջակցելու համար. մի քանի բանկերի հետ ստեղծել ենք փաթեթներ Վրաստանում գործող ՓՄՁ–ների բիզնեսն առցանց կազմակերպելու համար:

Միևնույն ժամանակ COVID-19-ն արագացրեց թվային փոխակերպումը` խթանելով այն, և մենք տեսանք, որ թվայնացումը, որը շատ «ճոխ» բառ էր թվում, դարձավ իրական։ Մենք աշխատեցինք մեր գործընկերների հետ՝ հավաստիացնելով, որ նրանք ունեն բոլոր կարողությունները հաղթահարելու դժվար ժամանակները։  Տեխնոլոգիաների փոխակերպումներին զուգընթաց մենք ստեղծեցինք գործարքների անվտանգությունն ու ապահովությունը երաշխավորղ լուծումներ՝ նպատակ ունենալով զսպել ֆինանսական խարդախությունները և պաշտպանել մեր հաճախորդներին։ COVID-19-ը, իսկապես շատ հնարավորություններ ստեղծեց և ամենակարևորը այն է, որ շատ ընկերություններ կարողացան հարմարվել իրավիճակին։

VISA-ն երկար տարիներ համագործակցում է Հայաստանի առևտրային բանկերի և վճարային կազմակերպությունների հետ: Հետաքրքիր է իմանալ,  որո՞նք են Հայաստանի բիզնես միջավայրում աշխատելու առավելություններն ու դժվարությունները։

Ես ընկերությունում եմ գրեթե 4 տարի և շատ հաճելի է աշխատել Հայաստանում՝ ունենալով գործընկերներ, ովքեր նորամուծություններ են փնտրում։ Նրանք շատ սերտորեն համագործակցում են մեզ հետ, և մենք միասին փնտրում ենք նոր հնարավորություններ՝ բավարարելու հաճախորդների պահանջարկը։

Առցանց գնումների պաշտպանությունը VISA-ի առաջնահերթություններից է, և այդ նպատակով 2020 թվականին VISA-ն ներկայացրել է թարմացված Visa Secure տեխնոլոգիան։ Կպատմե՞ք՝ ինչպես է այն աշխատում, և ունե՞ք վիճակագրություն, որն ապացուցում է այդ տեխնոլոգիայի դրական ազդեցությունը վճարային գործարքների վրա:

Մեր առաջնահերթ խնդիրն է թվայնացումը և զարգացած անկանխիկ տնտեսության խթանումը։ Մենք դա անում ենք տարբեր ռազմավարական հենասյուների միջոցով։ Դրանցից մեկը էլեկտրոնային առևտրի զարգացումն է և այնպիսի լուծումների մշակումը, որոնք պաշտպանում են մեր հաճախորդներին առցանց գնումների ժամանակ: Ձեր նշած տեխնոլոգիան լրացուցիչ գործիք է առցանց գնումների անվտանգության համար: Ես կառանձնացնեի 4 տարբերակիչ արժեքներ, որոնք հավաստիացնում են, որ ամեն բան, ինչ կապված է գլոբալ վճարային համակարգի հետ, ապահով է։ Դա մեր բրենդն է, այն վստահությունն է, որ հաճախորդներն արտահայտում են VISA-ի հանդեպ, մեր նորարարություններն ու հնարավորություններն են, ինչպես նաև այն հաջողությունները, որ մենք բերում ենք մեզ հետ անկանխիկ տնտեսությունը զարգացնելու համար։

VISA-ն ակտիվորեն ներգրավված է տարբեր գովազդային արշավներում: Կարո՞ղ եք առանձնացնել այն բիզնես ոլորտները, որտեղ այդ արշավները լավ են աշխատում և դրա շնորհիվ VISA քարտապանները ամենաշատ գործարքներ են կատարում:

Դա շատ ակնհայտ է․ դրանք այն բոլոր ոլորտներն են, որտեղ հաճախորդները հաճախ են գործարքներ կատարում՝ մանրածախ խանութները, մթերային խանութները, տրանսպորտը և այլն: Այն ոլորտները, որոնց վրա ամենաշատը ազդում են մեր կողմից իրականացվող պրոմո-արշավները և որոնք նպաստում են անկանխիկ տնտեսությանը, ամենօրյա գնումներ են ենթադրում։ Երբ մարդիկ փորձում են հաճախակի օգտագործել իրենց վճարային քարտերը, դա սովորություն է դառնում: Եվ մեր ուշադրության կենտրոնում են առաջին հերթին ամենօրյա ծախսերը՝ չնայած մեր թիմը աշխատում է VISA–ի ծառայությունների կատարելագործման ուղղությամբ՝ ստեղծելով հաճախորդների համար վճարային գործիքների օգտագործմամբ  ավելի ու ավելի շատ առավելություններ: Այս առումով մենք ամրապնդում ենք մեր արժեքային առաջարկը և վերջերս սկսեցինք «Արտոնությունների աշխարհ» ծրագիրը Հայաստանում։

Հայաստանի Կենտրոնական բանկը նպատակ ունի թվայնացնել ֆինանսական էկոհամակարգը։ Դա ժամանակ և ներդրումներ է պահանջում։ Ի՞նչ ծրագրեր ունեք մեր երկրում թվայնացմանն աջակցելու համար: Արդյո՞ք վրացական փորձը հարմար է մեզ։

Այն, ինչ մենք անում ենք Վրաստանում, կարող է կիրառվել Հայաստանում։ Դա կախված է իրավիճակից, կոնկրետ ժամանակահատվածից, թե երբ ենք անում ինչ–որ բան, ինչպես նաեւ իշխանության տեսլականից։

Հայաստանում մենք իսկապես բարձր ենք գնահատում անկանխիկ գործարքների ավելացմանը միտված կառավարության ջանքերը։ Կասկած չկա, որ անկանխիկ տնտեսությունը և ընթացիկ բարեփոխումները բերում են վճարումների թափանցիկության, անվտանգության և արագության, և արդյունքում հաճախորդները գոհ են լինում ծառայություններից։ Այս առումով մենք շատ ակտիվ աշխատում ենք էկոհամակարգի բոլոր մասնակիցների հետ՝ շարունակելով հարմարվել միջավայրին, արագացնել մեր տեխնոլոգիաները և զարգացնել ենթակառուցվածքը, որտեղ հաճախորդները կարող են կատարել վճարումներ։ Շատ կարևոր է, որ կառավարությունը առաջնորդի և խթանի անկանխիկ գործարքների ընթացքը։