Յակուտսկի քրեական հարցերով Գերագույն դատարանի դատական կոլեգիան օգոստոսի 11-ին անփոփոխ է թողել Յակուտսկի քաղաքային դատարանի կողմից 2011 թ. հունիսի 10-ին ընդունված Վանիկ Ներսիսյանի մեղադրական դատավճիռը:
Հայաստանի քաղաքացին մեղադրվել է յակուտ ուսանողուհի Քրիստինա Լեբեդովային բռնաբարելու եւ վտանգի մեջ թողելու մեջ ու դատապարտվել է չորս ու կես տարվա ազատազրկման:
Բացի այդ, դատարանը բավարարել է Քրիստինայի քաղաքացիական հայցը, ըստ որի` դատապարտյալը բարոյական վնաս հասցնելու համար տուժած կողմին 300 հազար ռուբլու փոխհատուցում պետք է տրամադրի:
20-ամյա աղջիկը, ով ավտոմեքենայից դուրս էր նետվել հունվարյան ցրտին, հրաշքով փրկվել է, բայց խիստ ցրտահարվել է եւ զրկվել երկու ձեռքերի մատներից:
Քրիստինան եւ նրա իրավաբան Գալինա Դանիլովան դատավիճիռը չեն բողոքարկել, բայց մեղադրյալ Ներսիսյանը վճռաբեկության գանգատ է տվել, որտեղ խնդրում է վերանայել դատավճիռը: Ներսիսյանը գտնում է, որ իր մեղքը հաստատող ուղիղ ապացույցներ չկան:
Գործը վերանայելով, բողոքարկման փաստարկումները դիտարկելով` դատական կոլեգիան որոշել է, որ բողոքարկող կողմի փաստարկումները անհիմն են, ուստի վճռեց Յակուտիայի քաղաքային դատարանի որոշումը անփոփոխ թողել, իսկ բողոքը` չբավարարել:




























