Հոգեբան Վոլդեմար Կոլգան Էստոնիայի պաշտպանության նախարարությունում օգոստոսի 11-ին ահաբեկչություն իրականացրած Կարեն Դրամբյանի սպանությունը համեմատել է Ուսամա բեն Լադենի ոչնչացման հետ: Kuku ռադիոկայանին տված հարցազրույցում հոգեբանն ասել է, թե լուսանկարում պատկերված տղամարդը մտավորական տեսք ունի, եւ թերեւս, ցանկացել է ուշադրություն հրավիրել ու իռացիոնալ է գործել:
«Մենք գերագնահատում ենք մարդու ռացիոնալ բնույթը: Մեզնից յուրաքանչյուրի մեջ էր իռացիոնալություն կա, որը հին ժամանակներում չար ոգի էին ասում: Մարդու մեջ կարող է ինչ-որ նման բան մտնել, որը կստիպի նրան փոխել իր վարքը»,- կարծում է հոգեբանը:
Նրա խոսքով, ռացիոնալ մարդը պահանջներ կներկայացներ, թե ինչ է ցանկանում, բայց տվյալ դեպքում անհասկանալի է, թե ինչ է ցանկացել Դրամբյանը:
«Եթե մի կողմն իրեն իռացիոնալ է պահել, մյուսն էլ այդկերպ պիտի պահի»,- նշել է Կոլգան` գնահատելով ոստիկանության գործողությունները, որ վնասազերծել էին Դրամբյանին:
Նշենք, որ ահաբեկչության ժամանակ ոչ ոք չէր տուժել, իսկ Դրամբյանը փոխհրաձգության ժամանակ մահացել էր:
Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունն իրականացնում են անվտանգության ոստիկանությունն ու Հյուսիսային շրջանային դատախազությունը: Դրամբյանի շարժառիթները դեռ անհայտ են: Ահաբեկիչը որեւէ քաղաքական պահանջ չի ներկայացրել:
Դրամբյանը ծնվել է Հայաստանում, ապա 90-ականների սկզբին տեղափոխվել է Էստոնիա եւ քաղաքացիություն ստացել: Նա իրավաբան էր, իսկ 2009-ին առաջադրվել էր Մաարդուի քաղաքային խորհրդի կազմում, սակայն ապարդյուն:
«Նովիե իզվեստիան» գրում է, որ նման քայլի նա կարող էր գնալ նաեւ անձնական պատճառներով, նա հիվանդ էր, անձնական ողբերգություն էր ապրել, զրկվել էր իրավաբանական պրակտիկայից, քանի որ էստոներենի իմացության տեղեկանք չուներ:
Դրամբյանի ընկեր եւ կուսակից Անատոլի Եգորովը հայտնել է, որ նա գնացել է ահաբեկչության Էստոնիայի վարած հակառուսական քաղաքականության պատճառով: Եգորովն ասել է, թե Դրամբյանը արդարության սրացած զգացում ուներ, կտրականապես դեմ էր ազգայնականությանը:




























