Ռուսաստանի կողմից Իրանին С-300 համակարգի զենիթային կայանքներ տրամադրելու գործարքը սառեցված է։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին գրում է «Ведомости» թերթը՝ վկայակոչելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրին։ Այդ տվյալներով, իրանական կողմ արդեն կանխավճար է արել եւ անգամ կանոնավոր կերպով սկսել է վճարումներ կատարել, իսկ համաձայնագիրն էլ ուժի մեջ է մտել։ Համաձայնագրով այս տարի նախատեսվում էր Իրան տեղափոխել 300 մլն դոլարի ռազմական բնույթի արտադրանք, բայց գործարքը չի իրականացվի եւ այժմ մշակվում է տեխնիկայի՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից հետգնման հնարավորությունը։

Պայմանավորվածությունը խախտելու հետեւանքների մասին նախօրեին հայտնել է «Ինտերֆաքս» գործակալությունը, որի տվյալների համաձայն, Ռուսաստանի համար դա ֆինանսական լուրջ հետեւանքներ չի ունենա։

Ինչպես հայտնում է «Վեդոմոստի»-ն, իրադարձությունների նման զարգացումը կարող է ծայրահեղ ծանր անդրադառնալ Ռուսատանի ռազմարդյունաբերության վրա, եւ Մոսկվան երկար ժամանակով կարող է կորցնել իրանական շուկան։

1 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագիրը կնքվել է 2007թ.-ին։ Իրանական միջուկային ծրագրից վախեցող Վաշինգտոնը եւ Թել-Ավիվը մեկ անգամ չէ, որ կոչ են արել Մոսկվային չմատակարարել այդ պաշտպանական համակարգերը, որոնք կարող են վտանգ ներկայացնել այդ երկրների ռմբակոծիչ օդանավերի համար, եթե նրանք ցանկանան հարված հասցնել Իսլամական հանրապետությանը։ Այդուհանդերձ, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, կնքումից անմիջապես հետո համաձայնագիրն անորոշ ժամկետով սառեցվել է, իսկ Իրանի կողմից վճարումներ այդպես էլ չեն եղել։