Թեեւ այս գիշեր սպասվող Պերսեիդների ասուպային հոսքը ընդունված է անվանել աստղային անձրեւ, սակայն դա աստղեր չեն, այլ` երկնաքարեր:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` օգոստոսի 12-ի լույս 13-ի գիշերը Երկիր մոլորակի բնակչությունը հնարավորություն կունենա աստղային անձրեւ տեսնել, քանի որ առաջիկա գիշերը ժամում մինչեւ 100 ընկնող «աստղ» հնարավոր կլինի տեսնել։
Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի առաջատար գիտաշխատող Արեգ Միքայելյանը NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս երեւույթը կապված է Պերսեիդի երկնաքարերի հոսքի հետ։ «Իրականում դրանք երկնքից թափվող աստղեր չեն, այլ երկնաքարեր են կամ ասուպներ, որոնք շատ փոքր չափերի են եւ ամբողջովին այրվելով կայծ են արձակում իրենց ետեւից եւ մարդկանց թվում է, թե դրանք աստղեր են երկնքից թափվող։ Այդ երեւույթը ընդունված է անվանել աստղային անձրեւ»,-ասաց Ա. Միքայելյանը։ Նրա խոսքով՝ նման երեւույթներ տեղի են ունենում տարին մի քանի անգամ, իսկ աստղային անձրևը հնարավոր կլինի տեսնել բոլոր այն վայրերում, որտեղ պարզ եղանակ կլինի։
Նշենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, եւ վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են եւ «ընկնող աստղեր» հիշեցնող հետքեր թողնում:




























