Orion-2022 գագաթնաժողովում կունենանք «Ձեռքբերումներ եւ միաձուլումներ» թեմայով քննարկումներ, կներկայացնենք Հայաստանում ամենաարագ աճող հինգ ստարտափները, եւ պանելները կամփոփենք «Թվային Ջուղա» ծրագրով, որի հիմնադիրը Մարկ Չենյանն է, որը հատուկ ժամանել է Հայաստան, որ ներկայացնի այս ծրագիրը: Այս մասին Orion-2022 գագաթնաժողովի շրջանակներում NEWS.am-ի հետ զրույցում նշեց Orion Worldwide Innovations Armenia-ի տնօրեն եւ համահիմնադիր Դիանա Արզումանյանը (ֆոտոռեպորտաժ):

«Այդ ծրագրի խնդիրն է թվայնացման միջոցով ժամանակակից պահանջներին համապատասխան հետ բերենք մեր նախկին դիրքերը IT ոլորտում՝ ներգրավելով արվեստը, երաժշտությունը: Կոմիտասի կատարումները ներկայացվելու են ջազ կատարմամբ»,-ասաց նա:

Հարցին, թե որքան ներդրում եք նախատեսում այս տարի՝ հաշվի առնելով, որ նախորդ անգամ այդ թիվը 27 մլն է եղել, Դիանա Արզումանյանն ասաց. «Այս տարի արդեն սկսվել են գումարների ներդրումը, եւ հուսանք, որ մինչեւ տարվա վերջ թիվը կկրկնապատկենք: Աշխատում ենք 50 միլիոն դոլարի ուղղությամբ: Մեր տեսլականն է, որ եկող հինգ տարվա ընթացքում ունենանք 10 միաեղջյուրներ, որոնք կմեծացնեն երկրի ՀՆԱ-ն: Այսօր ներկայացվող հինգ ընկերությունները որպես միաեղջյուրներ չեն ներկայացվում, ուղղակի իրենց աճի տեմպերը շատ արագ են, իրենք հավակնորդ են ապագայում: Մոտ մեկ ամսից էլ մենք կներկայացնենք չորրորդ միաեղջյուրին:

Նպատակն է երկրի տնտեսության հիմնական շարժիչ ուժը ներկայացնել տեխնլոգիական ընկերությունների միջոցով: Երկրի քաղաքացիները կարող են դառնալ մեծ ընկերությունների բաժնետերեր, որը կբերի նրանց բարեկեցությանը եւ երկրի աճին»:

Իր հերթին Orion Worldwide Innovations-ի հիմնադիր տնօրեն Էմմա Առաքելյանը նշեց, որ այս գագաթնաժողովում ներկայացնելու են շատ կարեւոր թեմաներ. «Ունենք ընկերություններ, որոնք կներկայացնեն իրենց արտակարգ աճը եւ հաջողությունները համաշխարհային շուկայում: Ներկայացնելու ենք նաեւ «կոնսոլիդացնենք հայկական ստատափ էկոսիստեմը», որը կաջակցի Հայաստանի էկոնոմիկայի արագ զարգացմանը եւ համաշխարհային շուկա տանելու համար:

Հաջորդ թեման, որը մենք ուրախությամբ ներկայացնում ենք, սկիզբն է մի շատ կարեւոր շարժման, կոչվում է «Թվային Ջուղա»: Սա նշանակում է, որ մենք վերականգնում ենք մեր մեծ ուժը, որն ունեցել ենք 300 տարի առաջ՝ Ամստերդամից մինչեւ Մանիլա: Ունենք հետաքրքիր խոսնակներ: Այս բոլոր միջոցառումները դեռ սկիզբն են: Մենք շարունակելու ենք համաշխարհային համագործակցություններ ստեղծել տարբեր երկրների ճանաչում ունեցող ընկերությունների հետ:

Մենք փնտրում եւ գտնում ենք արագ զարգացող ընկերությունների, հատկապես՝ ուշադրություն դարձնելով հայկական ընկերություններին: Մենք ցույց ենք տալիս ընկերություններին, որ նույնիսկ հայաստանյան լոկալ շուկայում հնարավոր է ունենալ մեծ աճ եւ զարգացում»,- ընդգծեց նա:

Այս ամբողջ շարժման նպատակը, ըստ Առաքելյանի, մտածելակերպի փոփոխությունը, Հայաստանի կարողությունները ճիշտ ներկայացնելն է. «Պետք է մտածելակերպը մի փոքր փոխենք, որպեսզի համաշխարհային ասպարեզ դուրս գալու համար առավել պատրաստված լինեն եւ առավել մեծ համարձակություն ունենան՝ իմանալով, որ հայկական նորարությունը շատ բարձր մակարդակի վրա է, եւ տարբեր ծրագրեր ցույց են տվել դա: Արդեն ութ տարի շարունակ Հայաստանը բավական մեծ տեղ ունի մեր ստարտափների մակարդակով:

Մենք հատուկ փնտրում ենք Հայաստանի եւ այլ երկրների հայկական ստարտափների եւ լավագույններին ընտրելուց հետո ներկայացնում ենք այսպիսի ծրագրեր: Իրենց ներկայացնում ենք նաեւ Նյու Յորքում, Եվրոպայում՝ տարբեր մրցույթներում: Եվ մեծ հաջողություններից մեկն այն է, որ ընդամենը 15 ամսվա ընթացքում մենք երեք հայկական ընկերությունների կարողացել ենք հայթայթել արտասահմանյան 27 միլիոն գումար: Սա նշանակում է, որ մենք արժեք կարող ենք ներկայացնել եւ ազդեցություն ունենալ նորարության վրա»: