ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը գալիք նախագահական ընտրություններում, որոնք տեղի են ունենալու 2024թ., Հանրապետական կուսակցության այլեւս ամենաակնհայտ թեկնածուն չի թվում, գրել է CNN-ը։ Հեռուստաալիքի վարկածով՝ քաղաքական գործիչն ընդդիմախոս ունի, որը կարող է մրցակցել նրա հետ հանրապետականների փրայմերիզում։

Ինչպես նշել է CNN-ը, Հանրապետական կուսակցության կողմնակիցների շրջանում Նյու Հեմփշիր նահանգում անցկացված վերջին հարցումը գլխավորել է Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը՝ հավաքելով 39 տոկոս ձայն։ Երկրորդ տեղում Թրամփն է՝ 37 տոկոս, երրորդ տեղում ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայքլ Փենսն է՝ 9 տոկոս։ Հեռուստաալիքի վերլուծաբանների կարծիքով՝ այս հետազոտությունը հատկանշական է, քանի որ անցած աշնանը նախկին նախագահը վստահաբար առաջատարն էր Նյու Հեմփշիրում (նահանգ, որտեղ սպասվում են հանրապետականների առաջին փրայմերիզները)՝ Ֆլորիդայի նահանգապետից առաջ անցնելով 15 տոկոսով։

Բացի այդ, CNN-ը նշել է, որ ամերիկյան մեդիա-տարածքում գրանցվում է որոշակի առաջընթաց Դեսանտիսի համար՝ Թրամփի համեմատ, ինչպես նաեւ նշվում է, որ Ֆլորիդայի նահանգապետը նախկին նախագահի «ավելի երիտասարդ եւ ավելի խելացի տարբերակն է»։