Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունը արժի մոտավորապես 800-ից 1000 դոլար: Տարածաշրջանի հետ համեմատած`մեզ մոտ ամենամատչելի գներն են, չնայած բարձր որակին: Այդ մասին հայտնել է Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը օգոստոսի 13-ին կայացած ասուլիսում:
«Հիմնականում պլաստիկ վիրաբույժներին դիմում են 18-ից 35 տարեկան քաղաքացիները, ովքեր ցանկանում են ազատվել հոգեբանական բարդույթներից: Սակայն նորածինների մոտ ֆիզիկական արատի առկայության դեպքում ծնողների համաձայնությամբ պլաստիկ վիրահատություն է արվում` սկսած 4 ամսականից: Հայաստանում մեծամասամբ կատարվում են քթի, կրծքագեղձի, շրթունքների, ականջների, դեմքի մաշկի ձգման վիրահատություներ»,- ասել է Ա. Հովհաննիսյանը:
«Վերջին տարիներին պլաստիկ վիրահատությունների դիմող տղամարդկանց թիվն կանանց համեմատ աճել է»,- ասուլիսում նշել է ասոցիացիայի պլաստիկ վիրաբույժ Գնել Անանյանը:
«Բոլորը ցանկանում են գեղեցիկ լինել անկախ սեռից եւ տարիքից: Սակայն յուրաքանչյուր հիվանդ պետք է հասկանա, որ պլաստիկ վիրահատությունը լուրջ միջամտություն է առողջության համար: Մեր ասոցիացիայի բժիշկները նախքան վիրահատությունը մանրազնին ստուգում են հիվանդին, բայց, այնուամենայնիվ, հիվանդները պետք է խստորեն հետեւեն բժշկի ցուցումներին, հատկապես վիրահատությունից հետո` անդառնալի հետեւանքներից խուսափելու համար»,- իր հերթին նշել է ասուլիսի բանախոս, Պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբուժության եվրոպական միության անդամ Հայկ Եղոյանը:
Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան ստեղծվել է 2005 թ.: Հայաստանում առաջին պլաստիկ վիրահատությունը արվել է 1980-ական թվականներին:




























