Հայաստանի փաստաբանների պալատի խորհուրդն օրերս փաստաբան Էդմոն Մարուքյանի նկատմամբ բռնությունը դատապարտող հայտարարություն է ընդունել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Էդմոն Մարուքյանը: Հայտարարությունը կապված է վերջերս Մանվել Հազրոյանի գործով դատաքննության ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ:

Հիշեցնենք, որ Մ. Հազրոյանը օգոստոսի 3-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` չորս զինվորների սպանության եւ երեքին մարմնական վնասվածք հասցնելու համար:  Դատավճռի հրապարակման ժամանակ նա սեղանից վերցրել էր հանքային ջրով շիշը եւ շպրտել դատավոր Համլետ Դավթյանի վրա: Հազրոյանի նման պահվածքը կասեցվել էր Շուշիի մեկուսարանի աշխատակիցների կողմից, նրա փաստաբանին եւս որոշ «բաժին» էր հասել: Ամբաստանյալի եւ նրա դատապաշտպանի նկատմամբ բռնության փաստով Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմել է ԼՂՀ համապատասխան ատյանին: Այնտեղ, իր հերթին, Հազրոյանի նկատմամբ հարուցվել է երկրորդ քրեական գործը` ԼՂՀ ՔՕ 347-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Սակայն փաստաբան Էդմոն Մարուքյանը մի շարք հանգամանքներ է նշում, որոնց իրավական գնահատական չի տրվել:

Այսպես, ի պատասխան Հազրոյանի նման պահվածքի, մեկուսարանի աշխատակիցները հարձակվել են նրա վրա եւ սկսել ծեծել, ինչն արդեն օրենքի խախտում է: Այնուհետեւ նույն աշխատակիցները դատարանի դահլիճից ուժով դուրս են բերել լրագրողներին, ինչը, ըստ էության,  խոչընդոտում է նրանց մասնագիտական գործունեությունը:  Փաստաբանի` իրավիճակին միջամտելու փորձն ավարտվել է նաեւ նրա նկատմամբ բռնությամբ, ընդ որում` նրան եւս փորձել են դուրս հանել դահլիճից: «Առկա է 4 դրվագ: Սակայն ԼՂՀ իրավապահները չգիտես ինչու «տեսնում են» միայն մեկը, եւ պատժի համար ընտրել են ամենաթույլ օղակը` Մանվել Հազրոյանին»,-նշում է փաստաբանը:

Նրա խոսքով` կատարվածում եւս մեկ անհեթեթ պահ կա. Հազրոյանը սպանություն կատարել է լինելով ԼՂՀ բանակի զինվոր, մինչդեռ նրան դատել է ՀՀ Սյունքի ընդհանուր իրավասության դատարանը: Երկրորդ հանցագործությունը Հազրոյանը կատարել է նորից ԼՂՀ տարածքում, եւ քրեական գործ այս անգամ հարուցվել է ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից. «Իրավիճակը ենթակա չէ իրավաբանական մեկնաբանության եւ բացատրության»,-արձանագրում է Էդմոն Մարուքյանը:

Փաստաբանը նաեւ նշում է, որ երկրորդ քրեական գործով Հազրոյանի հարցաքննությունը տեղի է ունեցել առանց իր մասնակցության,  սակայն Շուշիից հայտնել են, որ Հազրոյանը ոչնչից չի դժգոհում եւ մարմնական վնասվածքներ չունի: «Հազրոյանը գտնվում է այն նույն մեկուսարանում, որի աշխատակիցները նրան ծեծի էին ենթարկել դատարանի դահլիճում»,-հիշեցնում է փաստաբանը: Է. Մարուքյանը նշեց նաեւ, որ դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն` Երեւանում Հազրոյանի բուժզննումը կազմակերպելու միջնորդությամբ: