Ադրբեջանի Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի եւ Սփյուռքի հարցերով պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովի միջեւ պայքար է ընթանում միլիոնավոր մանաթներ արժեցող պետական կարգադրությունը ստանալու համար, հաղորդում է «Մուսավաթ» լրատվականը` նշելով, որ ներկայումս նախատեսվում է պետության կողմից կրկին մեծ գումարներ հատկացնել` ադրբեջանական սփյուռքի գործունեության ակտիվացման նպատակով, իսկ Մամեդյարովը եւ Իբրահիմովը պայքարում են այդ գումարների ձեռքբերման եւ այդ գործընթացի վերահսկման պարտավորությունը ստանձնելու համար:

Աղբյուրը հայտնում է, որ վերջին տարիներին Ադրբեջանը պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես հսկայական գումարներ է հատկացնում սփյուռքում գործող իր կազմակերպություններին` հակահայկական քարոզչության կազմակերպման համար, սակայն  վերջերս տեղի ունեցած Աշխարհի ադրբեջանցիների երրորդ համագումարում նախագահ Իլհամ Ալիեւը իր դժգոհությունն էր արտահայտել սփյուռքում գործող կառույցների ոչ արդյունավետ աշխատանքների վերաբերյալ:

«Մուսավաթը» նաեւ հաղորդում է, որ համագումարից առաջ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի սեղանին դրվել էին երկու տարբեր «գործեր» այն մասին, թե ինչպես են ծախսվում հատկացված գումարները: Դրանից մեկը կազմվել էր տարբեր երկրներում գործող ադրբեջանական դեսպանությունների կողմից, իսկ մյուսը` Սփյուռքի հարցերով պետական կոմիտեի կողմից: Երկու փաստաթղթերում խիստ մեղադրանքներ էին հնչեցվում վերոնշյալ պետական կառույցների հասցեին: Առաջինում ԱԳՆ-ը  մեղադրում էր Իբրահիմովին հատկացված գումարները վատնելու մեջ, իսկ երկրորդ փաստաթղթում Սփռուռքի կոմիտեի տարբեր կառույցներ քննադատում էին ԱԳՆ-ին եւ արտասահմանում գտնվող Ադրբեջանի արտաքին գերատեսչություններին` արտասահմանում բնակվող ադրբեջանցիներին չհամախմբելու, իսկ ավելի ստույգ` մասնատելու եւ իրար դեմ հանելու մեջ:

«Ներկայումս արտասահմանյան մի շարք երկրներում Ադրբեջանի դեսպանությունների եւ սփյուռքի կազմակերպությունների միջեւ լուրջ հակասություններ են ստեղծվել եւ ավելին, նրանք խոչընդոտներ են ստեղծում միմյանց գործունեության համար»,- եզրափակում է «Մուսավաթը»: