ԱՄՆ ֆինանսական շուկայի պետական կորգավորիչ մարմինը` Բորսաների եւ արժեթղթերի հանձնաժողովը (SEC) կհետազոտի Standard & Poor`s վարկանիշային գործակալության մեթոդիկան, որով գործակալությունը նվազեցրել է ԱՄՆ կրեդիտային վարկանիշը` ամենաբարձր А խմբից մինչեւ АА+` նվազման կանխատեսմամբ: Ինչպես փոխանցում է Bloomberg-ը` հղում կատարելով լավատեղյակ աղբյուրներին, կստուգվի նաեւ, թե արդյոք մինչ գնահատականի հրապարակումը S&P-ին պահպանել է դրա գաղտնիությունը:
Հիշեցնենք, որ վարկանիշի հրապարակումից հետո պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել էր, որ S&P-ի վերլուծաբանները ԱՄՆ պետպարտքը գերագնահատել են 2 տրիլիոն դոլարով: S&P-ի կարծիքով, դա չի ազդում իրավիճակի վրա, քանի որ պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ աճման միտում ունի:
Վարկանիշի նվազումից հետո` հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, միջազգային ֆոնդային շուկաներում արժեթղթերը նվազել են 6,8 տրիլիոն դոլարով, հաղորդում է Bloomberg-ը:
S&P –ի պաշտոնական ներկայացուցիչ Էդ Սուինին հայտարարել է, որ գործակալությունն անշեղորեն պահպանում է վերլուծության գաղտնիության բոլոր ընթացակարգերը: Ինչ վերաբերում է վարկանիշի նվազմանը, ապա նման հնարավորության մասին S&P-ն հայտարարել էր դեռ հուլիսին:




























