Հայաստանի պետական ագրարային համալսարանի չորս ուսանողներ ներկայումս գտնվում են Բաթումիի ժամանակավոր պահման մեկուսարանում, եւ այսօր նրանց նկատմամբ վրացական դատարանը կարող է կալանավորման որոշում կայացնել:
Այսօր NEWS.am-ի խմբագրություն էր զանգահարել ուսանողներից մեկի` Գագիկ Պողոսյանի հորեղբայրը` Ռուբեն Պողոսյանը, ով որոշ մանրամասներ հայտնեց միջադեպի վերաբերյալ:
Վերջինիս խոսքով, իր զարմիկն ու նրա ընկերները` Հովսեփ Մեյմարյանը, Տիգրան Սերոբյանն ու Հարությունը ծնողների հետ հանգստանում էին Քոբուլեթիում: Օգոստոսի 10-ին նրանք մեքենայով որոշում են մեկնել Բաթումի:
«Բաթումիի ճանապարհին մի քանի մեքենաներով ազդանշան են տալիս: Ապա այդ մեքենաները մոտենում են, իսկ ներսում գտնվող անձինք սկսում են վիրավորական արտահայտություններ անել նրանց հասցեին` թե ինչ գործ ունեք այստեղ, գնացեք ձեր երկրում հանգստացեք: Կտրել են հայկական համարանիշով մեքենայի առաջը: Մեքենաներից մեկում եղել է Բաթումիի վրացական եկեղեցու քահանան, ում եղբայրը հարվածել է մեքենայի վարորդին, նա էլ բնականաբար պատասխանել է: 30-40 վայրկյան անց ոստիկանությունը հայտնվել է, եւ երեխաներին ձերբակալել ու տեղափոխել են Բաթումիի ժամանակավոր պահման մեկուսարան»,- պատմեց մեր զրուցակիցը եւ հավելեց, որ 4 երիտասարդներին էլ բժշկական փորձաքննության են ենթարկել եւ պարզել, որ նրանք ալկհոլի եւ թմրանյութի ազդեցության տակ չեն եղել:
Վերջինս նշեց, որ ուսանողների ծնողները դեպքի կապակցությամբ դիմել են Բաթումիում Հայաստանի հյուպատոսին, Հայաստանի դեսպանատուն, սակայն որեւէ արձագանք չկա:
Դրա փոխարեն այդ վրացի քահանան իր մտերիմների հետ դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ 4 հայ ուսանողները իբր ծեծել են իրենց, թվով մոտ 15 մարդու:
«Ծնողներն էլ օրեր շարունակ կանգնած մեկուսարանի մոտ անճարությունից չգիտեն ինչ անեն: 3-րդ օրը լրանում է այսօր, եւ ոստիկանությունը դիմելու է դատարան` նրանց կալանավորելու միջնորդությամբ»,- նշեց Ռուբեն Պողոսյանը: Ռուբեն Պողոսյանին «զարմացրել» էր ոստիկանության արագ արձագանքը, որ միջադեպից վայրկյաններ անց հայտնվել էին դեպքի վայրում եւ անմիջապես ձերբակալել իր զարմիկին եւ նրա ընկերներին:
NEWS.am-ն իր ուշադրության կենտրոնում է պահելու տվյալ դեպքը եւ առաջիկայում նոր մանրամասներ կհաղորդի:



























