Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները օգոստոսի 12-ին, ժամը 21.30-ին, Դավիթ Անհաղթի փողոցի 4-րդ շենքի մոտից, թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով, իր վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 27-ամյա Արգամ Շ.-ին եւ նրա 4 ուղեւորներին՝ 26-ամյա Հրաչյա Ա.-ին, 28-ամյա Արմեն Խ.-ին, 27-ամյա Էդգար Ղ.-ին եւ 26-ամյա Սերյոժա Վ.-ին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը, խուզարկությամբ Սերյոժա Վ.-ի ձեռքում հայտնաբերվել է թղթի մեջ փաթեթավորված մոտ 1.4 գ դեղնականաչավուն «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված, իսկ Արգամ Շ.-ի ավտոմեքենայի զննությամբ՝ առջեւի աջ կողմի նստելատեղի տակ` թղթով փաթաթված մոտ 1.9 գ դեղնականաչավուն «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:
Սերյոժա Վ.-ն հայտնել է, որ իր մոտ հայտնաբերվածը «մարիխուանա» տեսակի թմրամիջոց է, եւ այն քաղել է Սպիտակ քաղաքում, իսկ Էդգար Ղ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայից հայտնաբերվածը «մարիխուանա» է, որը 12 հազարով դրամով ձեռք է բերել Սերյոժա Վ.-ից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:




























