Հայ շինարարների ու ճարտարապետների ստեղծագործությունները հոգեւոր մեծ արժեք են կրում: Դրա վառ վկայություններն այն եկեղեցիներն ու կոթողներն են, որոնք այսօր ունենք: Աշխարհով մեկ սփռված ճարտարապետական հիասքանչ շինությունները վկայում են հայ մարդու տաղանդի մասին: Այդ մասին ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում շինարարի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր  արարողության ժամանակ: 

Շնորհավորելով միջոցառմանը ներկա ճարտարապետներին եւ շինարարներին մասնագիտական տոնի կապակցությամբ` կառավարության ղեկավարը նշել է, որ տոնն ունի իր հատուկ խորհուրդը. հայ շինարարը, ճարտարապետը մեր ժողովրդի պատմության մեջ ունեն կարեւոր ու առանցքային դերակատարություն` ի ցույց դնել մեր կարեւորագույն  ազգային առանձնահատկություններից մեկը` նվիրումն աշխատանքին եւ ազգին:

«Այդ նվիրումն արտացոլվում է այն սքանչելի ճարտարապետական  ստեղծագործություների մեջ, որոնք մենք ժառանգել ենք: Հայ ճարտարապետն ու շինարարը դարեր ի վեր ապահովել եւ ապահովում են հայկական շարունակականությունը»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ապագա սերունդները շարունակելու են հպարտանալ այդ ժառանգությամբ:

Կառավարության ղեկավարը վարչապետի շնորհակալագրով է խրախուսել  Սեյսմակայուն շինարարության հայկական ասոցիացիայի նախագահ Արման Մելքումյանին` քաղաքաշինության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար:

Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի հրամանագրով գերատեսչական մեդալներով ու շնորհակալագրերով են պարգեւատրվել մի շարք շինարարներ եւ ճարտարապետներ: