Շիրակի մարզի համայնքներում ցորենի բերքահավաքն 60 տոկոսով ավարտված է:  Մարզի գյուղվարչության տվյալներով`այս տարի համեմատած նախորդ տարվա հետ  բերքն ավելի հաջող է ստացվել: Մեկ հա-ից միջինը 25 ցենտներ ցորեն է ստացվել: «Այս ցուցանիշն ապահովվել է հիմնականում Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասից ներկրված հացահատիկի բերքատվության շնորհիվ: Համայնքներ կան, որտեղ մեկ հա-ից մինչեւ 75 ցենտներ հացաբույս է ստացվել»,- NEWS.am-ի թղթակցին ասել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչության պետ Մովսես Մանուկյանը:

Առավել դժգոհ է շարքային գյուղացին, ով ունեցած հին սերմն է ցանել: Սերմացուն վատն էր, ոռոգումը թանկ եւ արդյունքում գյուղացին այս տարի ցորեն շուկա դուրս բերել չի կարող:

Գյուղվարչության պետի հավաստիացումներով` այս տարի արդեն էլիտար սերմացուն կբաժանեն գյուղացիական ավելի շատ գյուղացիական տնտեսությունների, նորից հետ վերադարձելիության պայմանով եւ այսպիսով մարզում հացահատկի սերմը փոխելով, կփորձեն բերքի ավելի բարձր ցուցանիշ ապահովել:

Շիրակի մարզի ֆերմերների մեծ մասը այս տարի նաեւ կարտոֆիլի բերքից մեծ ակնկալիք չունեն: Կարտոֆիլ քչերն են մշակել ու բացի այդ սերմնացուն հին է եղել: «Նոր, դոլարանոց սերմը 800 դրամով բերեցին, վաճառեցին, մենք էլ ի վիճակի չեղանք գնելու, դրա համար հին, 5 տարվա սերմ եմ մշակել»,- բացատրել է ազատանցի ֆերմեր Իսահակ Եղիազարյանը: