Ադրբեջանական իշխանությունների ձեռնարկած հակակոռուպցիոն միջոցառումների շրջանակներում մի քանի պաշտոնյաներ ազատվեցին աշխատանքից, ոմանց էլ ձերբակալելուց առաջ ցանկանում էին «զոհաբերել» հասարակության դժգոհությունների ալիքի ժամանակ, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» լրատվականը` նշելով, որ դրանով գործն, ըստ էության, գլուխ չի գա:

Կայքը հայտնում է, որ երկրի ընդդիմությունը մտադիր է այս տարվա սեպտեմբերից բողոքի մասսայական ակցիաներ կազմակերպել: Իրենց հերթին, իշխանությունները մի քանի գործադիր ղեկավարներին փոխարինելուց հետո ծրագրում են իրենց հետագա քայլերը, քանզի ներքին ճամբարում նոր գործընթացներ են սկսվում:

Աղբյուրը գրում է, որ իշխանությունները սեպտեմբերից նոր կադրային փոփոխություններ են ձեռնարկելու, իսկ կառուցվածքային փոփոխություններ ավելի վաղ կարող են սկսվել. «Ներկայումս տարաձայնություններ կան գործադիր կոմիտեների ղեկավարների լիազորությունների հարցի շուրջ:

Միջազգային կառույցները բազմիցս առաջարկել են վերացնել այդ անիմաստ իրադրությունը: Եւ այդ խնդիրը շուտով կարող է լուծում ստանալ: Այսինքն, գործադիր ղեկավարների լիազորությունները փոխանցվելու են քաղաքային իշխանություններին, իսկ գործադիր ղեկավարները հանդես են գալու որպես նախագահի ներկայացուցիչներ»:

«Պոլիգոնը» հայտնում է, որ այդ կապակցությամբ օրենքի նախագիծ է պատրաստվում եւ  հավելում, որ իշխանությունները սեպտեմբերին նախատեսվող փոփոխություններն իրականացնելու դեպքում կարող են ձախողել ընդդիմության ծրագրերը: