Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի եւ ապստամբների ուժերի միջեւ զինված դիմակայությունը տեղափոխվել է հարեւան Թունիսի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:

Ինչպես հաղորդում է Reuters-ը, վկայակոչելով թունիսյան կողմի ականատեսներին, բախումները տեղի են ունեում լիբիական Աբու Կամիշ արդյունաբերական քաղաքում, որը տեղակայված է Միջերկրական ծովի ափին` Ռաս Ջդիր սահմանային անցակետից 10 կմ հեռավորության վրա:

Ապստամբները փորձում են վերցնել Ռաս Ջդիրի նկատմամբ վերահսկողությունը: Այդ անցակետը դեպի Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի տանող կարեւոր առեւտրային ճանապարհի վրա է եւ կենսական նշանակություն ունի Քադաֆիի կառավարության համար:Նախօրեին լիբիացի ապստամբները հայտարարել էին Էլ Զավիա քաղաքի գրավման մասին, որը գտնվում է Տրիպոլից 50 կմ արեւմուտք: Այսպիսով, ապստամբները փորձում են բանակի համար փակել Տրիպոլից Թունիս տանող մայրուղին:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Լիբիայում այս տարվա փետրվարից սկսված հակակառավարական բողոքի ակցիաները վերածվել էին զինված հակամարտության կառավարական ուժերի եւ խռովարարների միջեւ: