Թուրքիայի իշխանություններն առաջարկել են միջնադարյան հայկական Անի քաղաքն ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում: Այս մասին հաղորդում է Nouvelles d’Armenie-ին` հղում անելով թուրքական «Անատոլու» գործակալությանը:

«Եթե Անին ընտրվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից, այդ մասին մեծաթիվ ռեպորտաժներ կպատրաստվեն: Դա կնպաստի Անիում զբոսաշրջության զարգացմանը, որտեղ զբոսաշրջիկների մշտական աճ է նկատվում»,-ասել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարության Կարսի նահանգային պատասխանատու Հաքան Դողանայը: Ըստ նրա` 2011 թ. առաջին կիսամյակում Անի է  այցելել  23 հազ. մարդ` հիմնականում Ֆրանսիայից, Անգլիայից, Ճապոնիայից:

«Անիում ապրել են ուրարտացիները, սելջուկներն ու օսմանցիները»,-ասել է թուրք պաշտոնյան՝ անամոթաբար չհիշատակելով, որ Անին հայկական քաղաք է եւ 10-րդ դարում հանդիսացել է Հայաստանի մայրաքաղաքը։ 

«Թուրքական վարչակազմի ներկայացուցիչը հերթական անգամ խուսափել է  «հայերը» բառից:  Այդ բաց թողնված բառն ամեն անգամ մեր վրդովմունքն է առաջացնում, երբ կարդում ենք զբոսաշրջիկների համար վահանակները: Ինչպե՞ս կարող է ՅՈՒՆԵՍԿՕ-ն վերահսկել պատմության եւ մշակույթի աղավաղումը մի երկրում, որտեղ նման գործելակերպն արդեն կանոն է դարձել»,-անդրադառնում է Nouvelles d’Armenie-ին: