«Ձախերի կուսակցությունից» (Die Linke) գերմանացի երեք քաղաքական գործիչներ հրաժարվել են մեկ րոպե լռությամբ Բեռլինյան պատի զոհերի հիշատակը հարգելուց: Կուսակցության երեք անդամներ շարունակել են նստած մնալ, երբ նրանց գործընկերները տարածքային կուսակցական ժողովին կանգնել են, հաղորդում է գերմանական Die Welt-ը: Դեպքը մեծ արձագանք է առաջացրել գերմանական մամուլում, հուզական հոդվածով է այսօր հանդես եկել նաեւ բրիտանական Guardian-ը:
Նրանց քայլն արժանացել է նաեւ կուսակիցների քննադատությանը: Մասնավորապես, նման պահվածքը համարվել է «վիրավորական եւ անհարգալից, այդ թվում` սեփական ընտրողների նկատմամբ»:
Նշենք, որ 1961 – 1989թթ. Բեռլինյան պատը շրջանցելու փորձերի ժամանակ սպանվել է առնվազն 136 մարդ: Երեկ երկրում նշվում էր պատի կառուցման 50-րդ տարելիցը: Կանցլեր Անգելա Մերկելը եւս մասնակցել է սգո միջոցառմանը:




























