Թուրքական TRT հեռուստաընկերությունը օգոստոսի 13-ի երեկոյան տեղեկություն է հաղորդել, թե PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը ձերբակալվել է Իրանում:  Այս տեղեկությանն անմիջապես արձագանքել է PKK-ն` հայտարարելով, թե TRT-ն սուտ լուր է տարածում:

Թուրքիայում մեծ իրարանցում առաջացրած այս տեղեկությունը տարածեցին թուրքական բոլոր լրատվամիջոցները` վկայակոչելով  Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաադին Բուրուջերդին:  Այս լուրին անմիջապես արձագանքում է մեկ այլ քրդական լրատվամիջոց` ROJ TV-ն` կրկին հերքելով Քարայըլանի ձերբակալման մասին լուրը:

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուին եւս չի հաջողվել հստակ պատասխան ստանալ իրանական կողմից: Իրանի ԱԳ նախարարը նշել է թե իրենք չեն կարող հաստատել Քարայլըանի ձերբակալման մասին տեղեկությունը, քանի որ իրենց ձեռքում փաստեր չկան:

Իրանում Թուրքիայի դեսպանը կապվել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Ալաադին Բուրուջերդիի հետ, ով հերքել է այտ տեղեկությունը` շեշտելով, թե ինքը նման բան երբեք չի ասել:

Նշենք, որ թուրքական մամուլում տարիներ առաջ եւս տեղեկություններ էին հայտնվել, թե Մուրադ Քարայըլանը ձերբակալվել է եւ բերվել Թուրքիա:

Հիշեցնենք, որ Մուրադ Քարայըլանը հանդիսանում է «Քուրդիստանի հասարակությունների միության» (KCK) խորհրդի նախագահը եւ Աբդուլլահ Օջալանից հետո հանդիանում է PKK-ի 2-րդ առաջնորդը: