Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն, ով «նարնջագույն հեղափոխության» ժամանակ Յուլյա Տիմոշենկոյի համախոհներից էր, իսկ ավելի ուշ վիճել էր նրա հետ, հրաժարվել է գալ Տիմոշենկոյի գործը քննող դատարան: Այդ մասին գրում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Lenta.ru-ն գրում է, որ ավել վաղ հայտնի էր, որ Յուշչենկոն չի մասնակցելու Տիմոշենկոյի գործով դատավարությանը, որտեղ նրան ցանկանում են հարցաքննել որպես վկա: Գործը վարող դատավոր Ռոդիոն Կիրեեւը նշել է, որ Վիկտոր Յուշչենկոյին եւ մի քանի վկաներին ուղարկված ծանուցումները հանձնել չի հաջողվել (Կիրեեւը պարզաբանել է, որ դատարանին տրամադրված հասցեներում «այդ անձինք բացակայում են»): Այդ կապակցությամբ նա կարգադրել է Գլխավոր դատախազությանը ճշգրտել տվյալ անձանց գտնվելու վայրը, գրում է «Կոմերսանտ.Ուկրաինան»:
Օրերս Յուշչենկոյի մամլո քարտուղար Իրինա Վանիկովան հայտարարել է, որ իր ղեկավարը գտնվում է արտասահմանում եւ Ուկրաինա է վերադառնալու օգոստոսի 15-ին:




























