Լոս Անջելեսի դաշնային դատարանն ընդունել է թուրքական պետության դեմ պատմության մեջ առաջին որոշումը Հայոց ցեղասպանությունից տուժածների ժառանգների հայցով՝ ընդդեմ Թուրքիայի Հանրապետության, Թուրքիայի Կենտրոնական բանկի եւ Ziraat բանկի, հայտնում է Nouvelles d’Armenie-ն։ Հայցվորների խումբը, Ալեքս Բակալյանի գլխավորությամբ, 2010 թվականին հայց էր ներկայացրել՝ կապված Ցեղասպանության արդյունքում հողերի ապօրինի օգտագործման եւ Ադանայից հայ բնակչության տեղահանման փաստով։ 

Նշենք, որ այն տարածքներում, որոնց հանդեպ հավակնություններ ունի Ալեքս Բակալյանը, ներկայումս տեղակայված է ԱՄՆ ռազմաօդային ուժերի «Ինջիրլիք» բազան։

Դատարանի որոշման մեջ նշվում է, որ հայցվորների փաստաբաններին մի քանի անգամ մերժել են համապատասխան պատասխանողների գտնվելու վայրի հասանելիության հարցում։ Ziraat բանկի մասով նրանց ոչ ճշգրիտ տվյալներ են տրվել։

Ինչ վերաբերում է թուրքական պետությանը, վերջինս եւս ինչպես ԱՄՆ-ում Անկարայի դեսպանատան, այնպես էլ արտգործնախարարության միջոցով տեղեկացվել է գործընթացի մասին։ Թուրքիայի Հանրապետությունը գործընթացի վերաբերյալ իր եզրակացությունը պետք է ներկայացնի օգոստոսի 19-ին։

«Բանկերը ցանկանում են հնարավորինս բարդացնել գործընթացը»,- ասել է գործով փաստաբաններից մեկը՝ Վարդգես Եղիայանը։ «Վերջիվերջո ԱՄՆ դաշնային դատարանը առաջ է քաշել պահանջը՝ պատասխանել հայկական կողմի հարցմանը»։