Երեկ` օգոստոսի 14-ին, Ադրբեջանի Գոյչայի շրջանի գործադիր մարմնի շենքի առջեւ բողոքի ակցիա է կազմակերպվել, որին մասնակցել է շուրջ 100 մարդ, հաղորդում է ադրբեջանական «Բիզիմյոլ» թերթը` նշելով, որ ցուցարարները պահանջել են ետ վերադարձնել նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հատկացված 2,5 միլիոն մանաթը, որը նախատեսված էր ճանապարհաշինության համար եւ անօրինաբար յուրացվել էր տեղի գործադիր իշխանության պաշտոնյաների կողմից:

Աղբյուրը հայտնում է, որ ցուցարարները փողոց էին դուրս եկել «Վերջ տվեք կաշառակերությանը», «Վերադարձրեք գյուղացիների աշխատավարձը», «Պատժեք 2 միլիոն մանաթ յուրացրած պաշտոնյաներին» եւ նմանօրինակ այլ կոչերով: Որոշ ժամանակ անց դեպքի վայր ժամանած ոստիկանները ցրել են ցուցարարներին:

Ակցիայի մասնակիցներից մեկը «Բիզիմյոլ»-ին տված հարցազրույցում նշել է, որ ճանապարհաշինության համար հատկացված գումարները յուրացրել են Գոյչայ շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մանսուր Մեմեդովը (Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մեմեդովի հարեղբոր որդին), գործադիրի տեղակալ Յուսուֆ Իսմանլին (խորհրդարանի պատգամավոր Ջեյհուն Օսմանլիի հայրը), գործադիր իշխանության իրավական հարցերով մասնաճյուղի ղեկավարը եւ այլ պատասխանատու անձինք: