Հայաստանը 2013թ-ին կհայտնվի պետականությունը կորցնելու վտանգի առաջ, քանի որ այս երկրի իշխանությունները ի վիճակի չեն լինելու սպասարկել արտաքին պարտքի տոկոսադրույքները: Նման հայտարարություն է արել ՀԱԿ կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, նախկին վարչապետ  Հրանտ Բագրատյանը Գյումրիում ՀԱԿ տարածքային գրասենյակում գյումրեցի ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ:

«Արտաքին պարտքը սպասարկելու համար Հայաստանից կպահանջվի այս տարի 90 միլիոն դոլaր, հաջորդ տարի 190, 2013-ին 478 միլիոն դոլար: Pատկերացնում եք` դա ինչ թիվ է, խոսքը համարյա 500 միլիոն դոլարի մասին է գնում»,- ասել է Բագրատյանը: Նա նաեւ հավելել է, որ արտաքին պարտքի չափը ոչ մեկին հայտնի չէ:

«Թիվը, որ ներկայացնում են, ամբողջը չէ, կառավարությունը երաշխավորագրեր է տվել: Հասկանում եք ինչ բան է երաշխավորագիրը: Գգործող օրենսդրությամբ չկա սահմանված, որ կառավարությունը իրավունք ունի երաշխավորագրեր տալու: Օրինակ Տիգրան Սարգսյանը շինարարական կազմակերպությանը երաշխավորագիր է տվել 50 միլիոն դոլար վերցնելու համար, դա ինչ է նշանակում, որ սա կառավարության պարտքն է»,- ասել է նախկին վարչապետը:

Ըստ Բագրատյանի` հաշվարկված չեն նաեւ ավանդները. «Այս բանը ես Հայաստանում առաջին անգամ եմ ասում, որ նախարարությունները բանկերում ավանդ ունեն, օրինակ պաշտպանության նախարարությունը: Ի՞նչ գումարներ են դրանք, ոչ ոք չի կարող ասել»: