Սեպտեմբերի 2-ից 4-ը Արցախի Շուշի քաղաքում տեղի կունենա «BarCamp 2011 Artsakh» երիտասարդական ինտերակտիվ «ոչ կոնֆերանս»-ը`նվիրված ԼՂՀ հռչակման 20-ամյակին: Միջոցառման կազմակերպիչը Տեղեկատվական Տեխնոլոգիաների Զարգացման կենտրոնն է` ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
«BarCamp 2011 Artsakh» միջոցառման իրականացման անհրաժեշտությունը հիմնավորված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների, համացանցի եւ նոր լրատվամիջոցների հեռանկարների ստեղծմամբ:
«BarCamp 2011 Artsakh»-ը միասին կհավաքի տեղեկատվական տեխնոլոգիաների եւ նոր լրատվամիջոցների ոլորտի մասնագետների եւ ծրագրավորողների, համացանց օգտագործողների, բլոգերների, սոցիալական ցանցերի, հեռախոսային համացանց-կապի ստեղծման եւ ներմուծման, արագ եւ մատչելի համացանց-կապով եւ թվային տեխնոլոգիաներով զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների, լրագրողների, ինչպես նաեւ բոլոր շահագրգիռ անձանց եւ խմբերի, ովքեր նոր տեխնոլոգիաները եւ համացանցն օգտագործում են իրենց ամենօրյա աշխատանքում: Այն կնպաստի ԼՂՀ երիտասարդության շրջանում սոցիալական ցանցերից օգտվելու գաղափարի զարգացմանը եւ արտերկրի երիտասարդների հետ կապերի ստեղծմանը:




























