Ավստրալիայի նոր կառավարությունը ցանկանում է կայունացնել հարաբերությունները Չինաստանի հետ, բայց որեւէ զիջման չի գնա ազգային շահերի հարցում։ Այս մասին ասել է Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Փենի Վոնգը չինացի գործընկերոջ՝ Վան Իի հետ հանդիպման նախօրեին, Բալիում G20-ի հանդիպման շրջանակում։ Սա կլինի երեք տարվա մեջ արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումը։

«Մենք բոլորս գիտենք, որ տարաձայնություններ ունենք, հարաբերություններում խնդիրներ կան։ Մենք կարծում ենք, որ փոխգործակցությունն անհրաժեշտ է հարաբերությունների կայունացման համար»,- ասել է Վոնգը։

Չինաստանն Ավստրալիայի ամենամեծ առեւտրային գործընկերն է եւ երկաթի հանքաքարի ամենամեծ գնորդը, բայց վերջին տարիներին հարաբերությունները վատացել են։

Չինաստանն առեւտրային պատժամիջոցներ է մտցրել ավստրալական ապրանքների հանդեպ՝ ածխից մինչեւ ծովամթերքներ եւ գինիներ, ի պատասխան Ավստրալիայի COVID-19-ի ծագումը հետաքննելու կոչերի, Huaweiի համար 5G ցանցի արգելման եւ օտարերկրյա միջամտության հետաքննության։

Պեկինն Ավստրալիային կոչ է արել «կոնկրետ միջոցներ» ձեռնարկել հարաբերությունների վերականգնման համար։

«Մենք ոչ մի զիջման չենք գնա, երբ խոսքը վերաբերում է Ավստրալիայի ազգային շահերին»,- ասել է Վոնգը։

Մայիսին կառավարությունում իր վերընտրվելուց հետո վարչապետ Էնթոնի Ալբանեզեի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Չինաստանը չեղարկի  առեւտրային պատժամիջոցները, որոնք ընդունվել են Ավստրալիայի դեմ։ Վոնգը նաեւ անհանգստություն է հայտնել ավստրալացի երկու լրագրողների հետ կապված, որոնք Չինաստանում կալանավորվել են ազգային անվտանգության գործերով եւ սպասում են իրենց դատավճռին։