Պաշտոնական Թեհրանը դեռ չի պատասխանել Ադրբեջանի ԱԳՆ-ի նոտային` կապված Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին օգոստոսի 9-ին արված հայտարարության հետ:
Օգոստոսի 11-ին Ադրբեջանում Իրանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել: Սակայն դրան Թեհրանը այդպես էլ չի պատասխանել, հաղորդում է Turan-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Հասան Ֆիրուզաբադին օգոստոսի 9-ին արված հայտարարության մեջ խստորեն քննադատել էր Ադրբեջանի կառավարությանը` «իսլամական սկզբունքներին դեմ գնացող միջոցներ ձեռնարկելու համար»:
Ֆիրուզաբադին մասնավորապես նշել է, թե Ադրբեջանի նախագահը պետք է իմանա, որ ժողովրդի զարթոնքը չի կարելի ճնշել, եւ սպառնացել է, որ Իլհամ Ալիեւին դաժան ճակատագիր է սպասում, եթե նա պատշաճ ուշադրության չարժանացնի իր նախազգուշացումը:
Դրան հաջորդել էր Բաքվի պաշտոնական արձագանքը: «Ֆիրուզաբադը զինվորական է, եւ նրա նմանօրինակ քաղաքական հայտարարությունները տարօրինակ են»,- հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ նախարարության մամուլի քարտուղար Էլհան Պոլուխովը:




























