Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի մի խումբ փորձագետներ դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ պնդելով, թե Երեւանի Կոնդ թաղամասում, որը նրանք Թեփեբաշի են անվանում, ադրբեջանական ժառանգության պատմական հետքեր են ոչնչացվում։

Նշենք, որ պարբերաբար ապացույցներ են հրապարակվում, թե ինչպես է Ադրբեջանը ոչնչացնում հայկական մշակութային–կրոնական ժառանգության հետքերը Արցախի գրավյալ տարածքներում։ Դեռևս 2020-ի դեկտեմբերին Հայաստանի, Արցախի մարդու իրավունքների պաշտպանները, Հայաստանի կրթության նախարարությունը դիմել էին ՅՈւՆԵՍԿՕ-ին՝ Արցախի մշակութային վայրերի պահպանության հարցով, սակայն մինչեւ հիմա Ադրբեջանը ՅՈւՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներին թույլ չի տալիս մտնել իր վերահսկողության տակ անցած տարածքներ։

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանը փորձում է, պատմությունը խեղաթյուրելով, քողարկել հայկական հուշարձանների նկատմամբ կատարած հանցագործությունները: Այն թեզը, որ առաջ է քաշում Ադրբեջանը, ըստ հուշարձանագետի, հիմքից է կեղծ, քանի որ այդպես էլ չի հստակեցվել, թե որ հուշարձանների մասին է խոսքը:

«Ադրբեջանին վախեցնում է այն, որ միջազգային հանրությունը սկսել է արձագանքել Հայաստանի հայտադիմումներին, և հիմա ինքը սկսել է կեղծ թեզ առաջ քաշել: Այդպես էլ չի ասվում, թե Կոնդ թաղամասին ո՞ր հատվածի մասին է խոսքը, ո՞ր հուշարձաններն է անկախ Հայաստանը ժառանգել Խորհրդային Հայաստանից: Սա արվում է նրա համար, որ ասվի, թե հայերն էլ են նման կերպ վարվել մեր մշակութային ժառանգության հետ»,-ասաց նա:

Քորթոշյանի խոսքով՝ սա Ադրբեջանի պետական քաղաքականությունն է, որի նպատակն է յուրացնել այն, ինչ հայերինն է:

«Մի գագաթնաժողովի ժամանակ Ադրբեջանը ներկայացրեց՝ իբր հայկական կողմը մահմեդական հուշարձաններ է ոչնչացրել, թվեր է հրապարակել, որը իրականությանը չի համապատասխանում: Հայկական կողմը մահմեդական հուշարձաններ չի ավերում, ընդհակառակը՝ Ադրբեջանն է միտումնավոր ոչնչացնում հայկական մշակութային ժառանգությունը: Մենք այսօր նույնիսկ չենք խոսում այն մասին, որ Ադրբեջանի տարածքում թե՛ նախկինում, և՛ թե այժմ շարունակում են ավերել հայկական եկեղեցիները: Իսկ Կոնդ թաղամասի մզկիթը Հայաստանը ինչ վիճակում ժառանգել է, նույն վիճակում էլ մնացել է»,-ասաց Քորթոշյանը: