Աբխազիայի հայ համայնքի խորհուրդը հանդես չի եկել այդ երկրի նախագահի պաշտոնում այս կամ այն թեկնածուի օգտին արված պաշտոնական հայտարարությամբ։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Աբխազիայի հայ համայնքի խորհրդի նախագահ Սուրեն Կերսելյանը։ Նրա խոսքով, Աբխազիայի հայ համայնքը ոչ քաղաքական կազմակերպություն է, այդ պատճառով նման հայտարարություն չի եղել, չի լինի նաեւ այսուհետ։
«Աբխազիայի հայերը կայուն, հանգիստ, ժողովրդավարական ընտրություններ են ցանկանում»,- ասաց նա։
Սուրեն Կերսելյանն ավելացրեց, որ անձամբ ինքը ցավում է վարչապետ Սերգեյ Շամբայի համար։ «Սա իմ անձնական կարծիքն է։ Ես վերջին օրերին Աբխազիայի տարածքում շատ եմ շրջել, հանդիպել շատ մարդկանց հետ։ Վարչապետը նախագահ դառնալու իրական հնարավորություններ ունի»,- ասաց Աբխազիայի հայ համայնքի խորհրդի նախագահ Սուրեն Կերսելյանը։
Ամփոփելով՝ Սուրեն Կերսելյանն ընդգծեց, որ Աբխազիայի հայ համայնքը կընդունի եւ կճանաչի յուրաքանչյուր նախագահի, ով կընտրվի օրինական, ազատ եւ ժողովրդավարական ընտրությունների միջոցով։
Նշենք, որ Աբխազիայում նախագահական ընտրոթյունները տեղի կունենան օգոստոսի 26-ին։ Նախագահի պաշտոնին հավակնում են երեք թեկնածուներ՝ հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Ալեքսանդր Անկվաբը, վարչապետ Սերգեյ Շամբան եւ ընդդիմադիր «Աբխազիայի ազգային միասնության ֆորում» կուսակցության ղեկավար Ռաուլ Խաջիմբան։




























