Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ընդունել է ուկրաինական «Ուկրավտո» կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Անդրեյ Շպակի գլխավորած պատվիրակությանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ուկրաինական արտադրության միջին տեղատարողության ավտոբուսների Երեւան ներկրման հնարավորությունները:
Ներկայացնելով մայրաքաղաքի տրանսպորտային քաղաքականությունը, Երեւանի քաղաքապետը նշել է , որ այժմ մշակվում է տրանսպորտային նոր հայեցակարգ, համաձայն որի ոլորտում առաջնությունը տրվելու է միջին եւ մեծ տեղատարողության ավտոբուսներին:
Այս առումով Կարեն Կարապետյանը հատկանշել է, որ նաեւ չինական արտադրության ավտոբուսների ներկրման պայմանավորվածություն է ձեռք բերվել եւ Երեւանի քաղաքապետարանը ուկրաինական ընկերության հետ եւս պատրաստ է փոխշահավետ գործըներություն քննարկել:
Ուկրաինական պատվիրակության ղեկավար Անդրեյ Շպակը, վկայակոչելով նախորդ տարիների աշխատանքային համագործակցությունը հայաստանյան շուկայի հետ, նշել է, որ ուկրաինական ավտոբուսները շուկայում մրցունակ են, մեծ պահանջարկ ունեն եւ իրենց ընկերությունը պատրաստ է ապահովել Երեւանի քաղաքապետարանի կողմից ներկայացված չափորոշիչները եւ քննարկել պայմանները:
Կողմերը նախնական պայմանավորվել են ավտոբուսների ձեռք բերումն իրականացնել ֆինանսական ինստիտուտների միջոցով` երկարաժամկետ ու ճկուն մարման գրաֆիկով:




























