2011թ. երկրորդ եռամսյակում Գերմանիայի տնտեսության աճն առաջին եռամսյակի համեմատ կազմել է 0,1%, հաղորդում է գերմանական Zeit-ը` հղում անելով Գերմանիայի Դաշնային վիճակագրական բյուրոյին: Համեմատության համար` 2011թ. առաջին եռամսյակում աճը կազմել էր 1,3%, իսկ 12 ամսում, 2010թ. երկրորդ եռամսյակի համեմատ` 2,8%:
«Չնայած ռեցեսիայի կրկնության մտավախությանը եւ համաշխարհային ֆինանսական շուկաներում առկա տատանումներին, տնտեսագետներն առաջին ամիսների համար կանխատեսում են գերմանական տնտեսության կայուն աճ: Միեւնույն ժամանակ, Իտալիայի եւ Ֆրանսիայի բյուջետային ծախսերի կրճատումը կարող է ծանրաբեռնվածություն ստեղծել գերմանական արտահանման համար», – նշում է թերթը:
Նշենք, որ Գերմանիան հայկական պղնձի խտանյութի գլխավոր սպառողներից մեկն է: Հայկական խտանյութը վերամշակվում է Բուլղարիայի Պիդրոպ քաղաքում, որտեղ գտնվում է գերմանական Aurubis ընկերության պղնձաձուլարանը: 2010-ին Հայաստանից Բուլղարիա է արտահանվել 156,2 միլիոն դոլարի 76 հազար տոննա պղնձի հանքանյութ եւ խտանյութ: 2010-ին Հայաստանում պղնձի խտանյութի ընդհանուր արտադրությունը կազմել է 118,1 հազար տոննա:
Aurubis-ի 2010թ. հոկտեմբեր – 2011թ. հունիս միջանկյալ հաշվետվության համաձայն, ընկերության համախառն եկամուտը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 38,5%` հասնելով 762 միլիարդ եվրոյի: Աճը հիմնականում տեղի է ունեցել մետաղների գների աճի շնորհիվ (նշենք, որ մետաղների գնի աճին զուգահեռ Հայաստանում 2009-10 թթ. պղնձի խտանյութի արտադրությունն աճել է 33,7%):
Ընկերությունը դրական է գնահատում պղնձի շուկան` ելնելով Լոնդոնի ֆոնդային բորսայի գներից: Պղնձի մեկ տոննայի գինը մոտ 9 հազար դոլար է: «Պղնձի խտանյութի շուկան զարգացել է դրական, վերամշակման օպերացիոն ծախսերը հասել են 75 դոլարի` մեկ տոննայի համար», - ասվում է ընկերության հաշվետվությունում: Aurubis-ը 2011թ. երկրորդ եռամսյակում արձանագրում է պղնձի պահանջարկի որոշակի նվազում, ինչը սեզոնային բնույթ ունի:
Քյոլնի Գերմանական տնտեսության ինստիտուտի վերլուծաբանները կանխատեսում են արդյունաբերական մետաղների արտահանման երկարաժամկետ թանկացում: Ինստիտուտի մշակած արդյունաբերական մետաղների ինդեքսը 2009-ին անընդմեջ աճում է, իսկ 2011-ին գրեթե երկու անգամ գերազանցել է 2009-ի մակարդակը:
«Եթե 2001-2010 թթ. գնային միտումներն առաջիկա տարիներին չփոխվեն, ապա 2015-ին արդյունաբերական մետաղների արտահանման արժեքը կաճի 70-100%` 2008-2010թթ. միջին մակարդակի համեմատ», – նշում են Ինստիտուտի մասնագետները: Գերմանական ընկերությունների շրջանում անցկացրած հարցման համաձայն, մետաղների գների աճը դիտարկվում է որպես ռիսկի լուրջ գործոն:




























