Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատարի` Ադրբեջանի նախագահի հասցեին արված հայտարարությունը իրանական դիվանագիտության մաս է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի հրամանատար Հասան Ֆիրուզաբադիի հայտարարությունը: Հիշեցնենք, որ վերջինս Ադրբեջանի նախագահին նախազգուշացրել էր Ադրբեջանում «իսլամական զարթոնքը» ճնշելուց հրաժարվելու մասին, հակառակ դեպքում Ալիեւին սպառնալով «մռայլ վախճանով»:
Մանոյանի գնահատմամբ` Իրանը պարբերաբար նման հայտարարություններ անում է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Հայաստանի հասցեին, որից հետո պաշտոնական Թեհրանը հերքում է այդ հայտարարությունները: «Ամենայն հավանականությամբ նման մարտավարությունը իրանական դիվանագիտության մաս է կազմում: Այդպիսով Իրանն ակնարկում է այն հետեւանքների մասին, որոնք կարող են տեղի ունենալ, եթե Ադրբեջանը չփոխի իր քաղաքականությունը երկրում «իսլամական զարթոնքի» նկատմամբ»,-նշեց Մանոյանը:
Մեկնաբանելով ռազմական փորձագետների այն կարծիքները, թե Ադրբեջանում «իսլամական զարթոնքի» պարագայում, որտեղ բնակչության մեծ մասը շիաներ են, այդ երկիրը Թուրքիայից կշրջվի դեպի Իրան, Մանոյանն ասաց. «Ադրբեջանի այն հայտարարությունը, թե իրենք Թուրքիայի հետ նույն ժողովուրդն են երկու պետությունում` բավականին պերճախոս է: Դրանով ամեն ինչ ասված է, եւ կրոնական համոզմունքներն այս դեպքում որեւէ նշանակություն չեն կարող ունենալ: Ինչպես ասվում է, կրոնը` կրոն, քաղաքականությունը` քաղաքականություն»:
Հիշեցնենք, որ Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի ղեկավարը Ադրբեջանի նախագահին մեղադրել էր հակաիսլամական քաղաքականության մեջ: Նա մասնավորապես նշել է, որ եթե Ադրբեջանի նախագահը չփոխի իր քաղաքականությունը իսլամի նկատմամբ, ապա «նրա ճակատագիրը սեւ ու մռայլ վախճան կունենա»:
Ավելի ուշ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե «այդ արտահայտությունը Ֆիրուզաբադիին չի վերաբերում, եւ տեղեկատվությունը ԶԼՄ-ների թյուրըմբռնման արդյունքում է տարածվել»:




























