Ուրբաթ օրը 35 ամերիկացի օրենսդիրներ նամակ են ուղարկել Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ առարկելով Թուրքիային F-16 կործանիչների եւ մեխանիկական արդիականացման հնարավոր վաճառքին՝ վկայակոչելով Անկարայի կողմից մարդու իրավունքների լայնածավալ խախտումները երկրում եւ արտերկրում:
Նամակում, որն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, կոչ է արվում չվաճառել կործանիչները՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի ապակայունացնող գործողությունների եւ միջազգային իրավունքի խախտումների պատճառով՝ խոստանալով անել հնարավոր ամեն ինչ՝ վաճառքը կանխելու համար։
Իրենց նամակում ամերիկացի օրենսդիրներն ընդգծել են, որ Էրդողանի ռեժիմը տարիների ընթացքում բազմիցս օգտագործել է իր ռազմական ուժը՝ ապակայունացնելու իրավիճակը Արեւելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում եւ Հյուսիսային Աֆրիկայում։
«Էրդողանի կողմից ՆԱՏՕ-ի ընդհանուր բարօրությանը հակասող անհանգստացնող մարտավարության կիրառումը չպետք է զարմացնի: Նրա վարչակարգը տարիների ընթացքում բազմիցս օգտագործել է իր ռազմական հզորությունը Արեւելյան Միջերկրական ծովում, Մերձավոր Արեւելքում, Հարավային Կովկասում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակը ապակայունացնելու համար։ Այս ներխուժումների ժամանակ Թուրքիայի եւ Թուրքիայի կողմից աջակցություն վայելող ուժերն օգտագործել են ԱՄՆ-ի արտադրության զենքեր եւ բաղադրիչներ՝ ռազմական հանցագործություններ կատարելու համար, ներառյալ՝ թիրախավորված քաղաքացիական թիրախների ռմբակոծումը, ինչպես օրինակ Իրաքում, Սիրիայում եւ Լեռնային Ղարաբաղում գտնվող հիվանդանոցներն ու դպրոցները: Բազմիցս օգտագործվել են անեւ ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների ինքնիշխան տարածքը խախտելու համար, ինչպիսիք են Հունաստանը եւ Կիպրոսը: Դժվար թե դրանք ԱՄՆ-ի եւ Եվրոպայի նվիրյալ դաշնակցի գործողությունները լինեն»,- ասվում է օրենսդիրների կոչում։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան հայտ է ներկայացրել 40 F-16 Blok 70 Viper կործանիչներ եւ մինչեւ 80 արդիականացման կոմպլեկտներ գնելու համար՝ ռուսական արտադրության C-400 համակարգեր գնելուց հետո։ 2019 թվականին ռուսական զենքի ձեռքբերումը ԱՄՆ-ին դրդել էր հեռացնել Թուրքիային՝ F-35 կործանիչի մշակման եւ ձեռքբերման ծրագրից։
Հունիսին սակայն, Վաշինգտոնը կրկին Թուրքիային արդիականացված կործանիչներ վաճառելու պատրաստակամություն է դրսեւորել այն բանից հետո, երբ Թուրքիան դադարեցրել է իր հակադրությունը ՆԱՏՕ-ի դաշինքին միանալու Ֆինլանդիայի եւ Շվեդիայի փորձերին: Սակայն կործանիչների վերաբերյալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների միջեւ ցանկացած հնարավոր գործարք կպահանջի Կոնգրեսի հավանությունը:





























