Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը կիրակի օրը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեմ համատեղ գործողությունների ընդլայնումը օրակարգում կլինի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի՝ Իսրայել կատարելիք այցի ժամանակ՝ պահանջելով պատժամիջոցներ կիրառել Թեհրանի նկատմամբ, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը:

Լապիդը կոչ է արել «ուժեղ» պատասխան տալ Թեհրանի միջուկային հավակնություններին նախքան Բայդենի՝ չորեքշաբթի օրը Երուսաղեմ ժամանելը։

«Այցը հիմնականում կկենտրոնանա Իրանի խնդրի վրա: Երեկ հայտնի դարձավ, որ Իրանը ուրանը հարստացնում է ժամանակակից ցենտրիֆուգներով՝ լիովին հակասելով իր ստորագրած համաձայնագրերին»,- ասել է Լապիդը՝ ելույթ ունենալով պաշտոնը ստանձնելուց հետո կառավարության երկրորդ նիստում:

Իրանը Վիեննայում գտնվող կազմակերպությանը տեղեկացրել է ուրանի հարստացման իր կարողությունների ընդլայնման մասին, ասվում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության զեկույցում, որը հրապարակվել է շաբաթավերջին:

«Միջազգային պատասխանը պետք է վճռորոշ լինի՝ վերադառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ եւ ակտիվացնել պատժամիջոցների մեխանիզմը ամբողջ ուժով»,- հավելել է Իսրայելի վարչապետը:

Իսրայելը նաեւ դեմ է Իրանի եւ համաշխարհային տերությունների միջեւ 2015 թվականի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնմանը, որը Թեհրանին առաջարկել է մեղմացնել պատժամիջոցները՝ նրա միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգները դուրս է եկել համաձայնագրից 2018 թվականին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, ով կրկին խիստ պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ։

Ի լրումն Իրանի միջուկային ծրագրի, Իսրայելը աճող մտահոգություն է հայտնում լիբանանյան «Հըզբալլահ» խմբավորմանը Թեհրանի աջակցության կապակցությամբ, որն այս ամիս անօդաչու թռչող սարքեր է ուղարկել իսրայելական նավթային հարթակ, որը Բեյրութի պնդմամբ գտնվում է Միջերկրական ծովի վիճելի ջրերում: